Վանաձորի կերպարվեստի թանգարանում կայացավ գեղանկարիչ Արմեն Լոռենցի 7-րդ, բայց Լոռու մարզում առաջին անհատական ցուցահանդեսը: Այն կրում էր «Լոռի, իմ սեր, իմ թախիծ» խորագիրը: Բացման արարողությանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ Արք. Չուլջյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, համայնքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ ու արվեստասերներ: Բացման խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը, Վանաձորի համայնքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը և ուրիշներ: Ապա հանդիսավորությամբ կտրվեց կարմիր ժապավենը և ներկաները վայելեցին Լոռենցի գեղանկարչության բազմերանգ ներկապնակի գուներանգները:
Արմեն Լոռենցը նկարչությամբ սկսել է զբաղվել դեռ դպրոցական հասակից: Ժառանգելով հոր հմտությունները՝ 9-րդ դասարանում հայրենի Ձաղիձոր համայնքից տեղափոխվել է Վանաձոր՝ ստանալով նկարչական կրթություն, որից հետո տեղափոխվել է երեւան: Ինչպես օրվա հերոսն է ասում, իրեն նկարիչ դարձրել է Լոռվա բնությունը:
Ցուցահանդեսին ներկայացված էր ավելի քան 4 տասնյակ կտավ, որոնցում հեղինակը հավերժացրել էր Հայաստանի, Արցախի, Արեւմտյան Հայաստանի և Կիլիկիայի բնությունը: Պատից արվեստասերներին էր նայում նաև Սյունիքի Խուստուփ լեռը, որն իր վեհությամբ նկարչի վրձնի տակ առանձնահատուկ խորհուրդ էր ստացել: Ի տարբերություն ներկայացված մյուս գործերի՝ այս կտավը նկարվել է 2 անգամ: Գեղանկարների մեծ մասը ներկայացնում էր Լոռու գեղատեսիլ բնությունը: «Լոռի, իմ սեր, իմ թախիծ» խորագիրը կրող ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 25-ը: