Ազգային անվտանգութան հարգելի ծառայողներ և վետերաններ,
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ազգային անվտանգության մարմինները բացառիկ դերակատարություն ունեն մեր պետականության ամրապնդման գործում: Անվտանգության և սահմանադրական կարգի պահպանումը ձեր ամենօրյա անձնուրաց առաքելությունն է: Աշխարհում ծավալվող իրադարձություններն այսօր ստիպում են առավել զգոն լինել՝ նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության և մի շարք այլ խնդիրներ ձեր ամենօրյա աչալուրջ և հետևողական աշխատանքն են պահանջում, որն իրականացնում եք պատվով: Այսօր օրախնդիր է նաև տեղեկատվական հարթակում մղվող աներևույթ պատերազմը: Տեղեկատվական անվտանգության ապահովումը եւ կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարը մեծ ջանքեր են պահանջում:
ՀՀ ազգային անվտանգության մարմիններում աշխատում են պատրաստված, աշխատանքի բովով անցած եւ իրենց մասնագիտությունը սիրող մարդիկ, որոնք ի վիճակի են կանխել ՀՀ նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ: Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցները զգալի ավանդ են ներդրել հայկական պետականության ամրապնդման գործում: Մեր հասարակությունը հաճախ չգիտի այն հերոսների անունները, որոնք գաղտնի ճակատում են սխրանքներ գործում:
Կրկին շնորհավորում եմ, մաղթում եմ անձնական և աշխատանքային հաջողություններ, առաջընթաց և բարօրություն՝ ի փառս մեր հայրենիքի և հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգ ու խաղաղ ապագայի: Գործեք ավելի մեծ նվիրումով, անձնվիրաբար ծառայեք մեր ազգի եւ պետության շահերին: