Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ,
Թատրոնի համաշխարհային օրը մեր մշակութային կյանքում սիրված ու սպասված տոներից է: Հայ թատրոնը, որը հազարամյակների պատմություն ունի, իր արժանի տեղն ու դերն ունի արվեստի համաշխարհային ներկապնակում: Սա ևս մեկ առիթ է՝ ամփոփելու և արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները:
Թատրոնն այն խորանն է, որտեղ մաքրվում է հոգին, մարդը վերադառնում է հոգևոր ակունքին: Այն հայելի է, որը սինթեզում, բյուրեղացնում ու մեզ է վերադարձնում մեր կյանքը՝ ի ցույց դնելով գեղեցիկն ու տգեղը, մեր էությունը՝ ներսից և դրսից, մեր առաքելությունն ու ճանապարհը։
Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև է, որոնք պատվով ընդունում են հայ թատերական գործիչները։ Վանաձորցիները սիրով սպասում են հին ու նոր բեմադրություններին, սիրելի դերասանների անկրկնելի խաղին, այն էներգիային, որը փոխանցվում է հանդիսատեսին և արժեքավոր սերմեր ցանում նրա սրտի և բանականության մեջ։
Թատրոնի նվիրյալներն այսօր շարունակում են արարել և հանդիսատեսի դատին հանձնել նոր ներկայացումներ՝ նոր ասելիքով, նոր մոտեցմամբ, ավանդականի և նորի ներդաշնակ զուգակցմամբ։
Թատերարվեստի հարգելի ներկայացուցիչնր, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ շարունակական ձեռքբերումներ, ստեղծագործական բեղմանավոր աշխատանք, երջանկություն և արևշատություն։
Արարեք լեփ-լեցուն դահլիճներում, եղեք գնահատված և շարունակեք քարոզել բարին։