Քրիստոս հարյավ ի մեռելոց…
Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է։ Լուսավորչական հավատքի հիմքը քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունն է, և այն ամուր խարիսխ է գցել հայ ժողովրդի սրտում և մտքում։ Այն անխորտակելի է պահում հայի տեսակի ներսում վեր խոյացող անձեռակերտ Եկեղեցին, որն այսօր բազմաթիվ հարվածների է ենթարկվում։ Ուրեմն ամուր մնանք մեր տեսակով, հավատքով, բարի գործերով և ամուր հիմքի վրա դնենք մեր Տունը, մեր Եկեղեցին, մեր Հայրենիքը։ Որպես առաջին քրիստոնյա պետության քաղաքացիներ՝ առավել քան կաևոր ու պարտավորեցնող է տարին գոնե մեկ անգամ հաշվետու լինել սեփական անձի և Աստծո առջև՝ մեր ապրած կյանքի, հոգևոր պահանջների և ցանկությունների ազնվության համար, ազատվել այն արատներից, որոնք կասեցնում են մեր ազնիվ ընթացքը։
Հայոց Սուրբ Եկեղեցիների կամարների ներքո թևածում է Տիրոջ ավետիսը. «Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց», ուստի մեր հոգիները ևս պետք է հարություն առնեն չարությունից, նախանձից, անբարյացակամությունից, բոլոր մարդկային արատներից, որոնք խանգարում են մեզ սիրել մերձավորին, սիրել մեր շրջապատն ու հայրենիքը։ Ուրեմն թող օրհնյալ լինի հարությունը Քրիստոսի։Այն մաքրագործված ու առաքինի կյանքի մեկնարկի ավետիսն է։ Աստված հայ ժողովրդին պահապան։ Թող որ Տիրոջ ողորմության ներքո անվրդով ու խաղաղ լինեն մեր Հայրենիքը, Եկեղեցին, բանակն ու հայ ժողովուրդը: