Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ

Բարձրաշնորհ Տեր,
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ: Դուք և Ձեր աստվածահաճո առաջնորդությամբ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմը ջանք չեք խնայում մեր ժողովրդի հոգևոր զորացմանն ու բարոյական նկարագրի բարձրացմանը նեցուկ լինելու համար:
Մեծ է Ձեր ավանդը եկեղեցի-հասարակություն կապի ամրապնդման գործում: Հեղինակելով բարեգործական բազմաթիվ նախաձեռնություններ՝ մշտապես եղել եք և կաք մարդասիրության և հայրենասիրության օրինակ, քրիստոնյայի և առաջնորդի նախանձելի կերպար:
Սրբազան Հայր, քրիստոնեական պայծառ հավատքի զորությամբ, մտքի հզոր ուժով և ամուր կամոք Ձեր կյանքը նվիրել եք Գուգարաց թեմի հավատացյալ հոտի առաջնորդությանը: Շարունակեք լինել հոգևոր կյանքի ամուր հենարան և անխորտակ պահեք քրիստոնյայի հոգևոր տաճարի պարիսպները երևելի և աներևույթ թշնամիներից:
Կրկին շնորհավորելով՝ քաջառողջություն և երկար տարիների կյանք եմ մաղթում: Բարձրյալի զորությամբ շարունակեք Ձեր նվիրական առաքելությունը և առաջնորդական հոգածությամբ սատար եղեք մեր ժողովրդին և հայրենիքին: Շարունակեք ցանել սիրո և արդարության սերմեր, ձևավորել հոգևոր և բարոյական առողջ մթնոլորտ՝ ի բարօրություն հավատացյալ հոտի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

You May Also Like