Վանաձորի քաղաքապետն ընդունեց Փասադենա քույր քաղաքի պատվիրակությանը

Փասադենա և Վանաձոր քույր քաղաքների համագործակցության շրջանակում Վանաձորում են քույր քաղաքի Հայաստանի հանձնախմբի ատենապետն ու հանձնախմբի այլ անդամներ: Նրանց ընդունեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, բաժինների պետեր:

Փասադենա քույր քաղաքի Հայաստանի հանձնախմբի ատենապետուհի Թալին Հինդոյանը ներկայացրեց Վանաձորում կատարված աշխատանքները: Վերջինս նշեց, որ  հանձնախմբում քննարկել էն քույր քաղաքում  այս տարի իրենց կողմից լուծելիք առաջնային խնդիրը: Արդյունքում որոշել են աջակցել Վանաձորի մանկապարտեզներին: Դիմել են բարերարների, ապա որոշել են իրականացվելիք  ծրագրերը: Առաջին խումբը, որը ցանկություն է հայտնել կամավորական աշխատանքի, «Հոմենթմեն»-ի  սկաուտներն են եղել: Նորոգել են, ներկել, մաքրել և մի շարք այլ աշխատանքներ կատարել Վանաձորի մանկապարտեզներում: ՀՕՄ-ի Փասադենայի «Սոսե» մասնաճյուղը 25 տարի առաջ Վանաձորի ՀՕՄ-ի մասնաճյուղի հետ բարեկամական կապեր է ունեցել: Նրանք էլ 500 ԱՄՆ դոլար են նվիրաբերել և N4 մանակապարտեզի համար գնել են  խոհանոցի էլեկտրական օջախ: «Իհարկե, խնդիրներ շատ կան, բոլորը չենք կարող հոգալ, բայց հնարավորության դեպքում ամեն ինչ կանենք»,-վստահեցրեց Թալին Հինդոյանը:

Մամիկոն Ասլանյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Շնորհակալ եմ, որ պատվել եք մեզ ձեր այցով՝ թե հոգու, թե արյան կանչով: Վանաձորի և Փասադենայի միջև բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի: Ուրախ եմ ձեզ տեսնել: Մենք պատրաստ ենք նախատեսվող համատեղ միջոցառումներին մեր ջանքն ու եռանդը ներդնելու: Այս նախաձեռնությունը մեզ համար, մեր երեխաների և մեր հայրենիքի համար է»:

Ի դեպ, վաղը՝ հուլիսի 17-ին Փասադենա և Վանաձոր քույր քաղաքների համագործակցության շրջանակում  Վանաձորում նշվելու է  «Հոմենթմեն»-ի ծառայության օրը:

You May Also Like