Վանաձորի քաղաքապետն ընդունեց «Երիտասարդական մայրաքաղաք 2019»-ի փորձագետներին

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Վանաձորում էին «Երիտասարդական մայրաքաղաք 2019» մրցույթի փորձագետները: Օրակարգը հագեցած էր: Հյուրերին նախ ընդունեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը, ՀԿ ներկայացուցիչներ: Մամիկոն Ասլանյանը, ներկաներին ողջունելով, մասնավորապես ասաց. «Վանաձորում հասարակական կյանքը վերջին տարիներին բուռն ընթացքի մեջ է: Տարբեր ձևաչափերով բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել՝ ինտելեկտուալ, մշակութային, մարզական… Վանաձորը բոլոր նախադրյալներն ունի՝ հավակնելու «Երիտասարդական մայրաքաղաք 2019» տիտղոսին: Որպես համայնքի ղեկավար մշտապես երիտասարդական առողջ ծրագրերի կողքին եմ: Երիտասարդությունն է մեր երկրի ապագան: Վանաձորցիներն ունեն դինամիկ և ինտելեկտուալ բարձր հատկանիշներով օժտված երիտասարդներ»:
Մրցույթի փորձագետների և ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Հյուրերն օրվա ընթացքում եղան նաև Լոռու մարզպետարանում, Վանաձորի մի շարք մշակութային և երիտասարդական հաստատություններում, բուհերում, ՎՏԿ-ում և այլն:
Հանձնաժողովի անդամները եղել են հայտ ներկայացրած բոլոր համայնքներում: Վանաձորը վերջին կանգառն էր: Ուսումնասիրություններն ավարտվելուն պես արդյունքները կամփոփվեն, կիրականացվի նաև sms քվեարկություն և հայտնի կդառնա «Երիտասարդական մայրաքաղաք 2019»-ի հաղթողը:

You May Also Like