Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը սեպտեմբերի 8-ին ընդունեց Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը՝ նորընտիր մարզպետ Ռիտա Ռյորըլի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր ծանոթությունը գործընկերների հետ և ընթացիկ ծրագրերի քննարկումը: Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը, համագործակցության ներկայացուցիչ Անժելա Սաղաթելյանը և Վանաձոր համայնքի ավագանու անդամ Մարինե Հովհաննիսյանը:
Արդյունավետ զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության ուղղությունները, ներկայացվեց արված աշխատանքը: Նորանշանակ մարզպետը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Մամիկոն Ասլանյանը հավելեց, որ Վանաձորի համայնքապետարանը պատրաստ է ընդգրկել այն բոլոր ոլորտները, որտեղ կզգացվի գերմանական գործընկերների փորձի և հնարավորությունների կարիքը: Հանդիպման վերջում կողմերը փոխանակեցին նվերներ՝ ի նշան բարեկամության:
Նշենք, որ «GIZ Հայաստան»-ի «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում Ռեգեն երկրամասի հետ Վանաձորը համագործակցում է աղբահանության ոլորտում: Այդ շրջանակում 2018թ.-ի հունիսին ճանաչողական այցով Վանաձորի պատվիրակությունը ուսուցողական այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որի արդյունքում որոշվել է Վանաձորի կրթական հաստատություններում իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով սեպտեմբերի 24-ից 30-ը կանցկացվի 40 ուսուցիչների և դաստիարակների վերապատրաստում՝ «Թափոնների կառավարում» թեմայով: Նրանց տրվելու են ձեռնարկներ, որոնքով նրանք հետագայում կուսուցանեն երեխաներին: