Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր Լոռու մարզում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլյակը, «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը և այլ հյուրեր:
Ծրագրի շրջանակում իրականացվել է հաշմանդամություն ունեցող կանանց համար 4․5 ամսյա կար ու ձևի դասընթաների անցկացում, որի նպատակն է եղել պաշտպանել հաշմանդամություն ունեցող կանանց աշխատելու իրավունքը, դյուրացնել նրանց մուտքն աշխատաշուկա, ընդգրկել սոցիալական ոլորտ որպես աշխատանքային ռեսուրս և բարելավել կենսամակարդակը: Ծրագրի մասնակիցներն են եղել հաշմանդամություն ունեցող վանաձորցի կանայք (հաշմանդամության 3-րդ և 2-րդ կարգ ունեցող), ովքեր ծրագրի շրջանակում ստացել են ոչ միայն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, իրավաբանական աջակցություն, այլև՝ հետագայում սեփական գործունեություն ծավալելու համար համապատասխան սարքավորումներ ու պարագաներ։
Միջոցառման սկզբում ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլյակի և «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանի կողմից ստորագրվեց համագործակցության հուշագիր: Ապա կազմակերպիչներն ու հյուրերը հանդես եկան ողջույնի խոսքով: Մամիկոն Ասլանյանն իր խոսքում անդրադարձավ ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին և խոսեց Լեհաստանի հետ Վանաձորի համագործակցության և հեռանկարների մասին. «Երբ նախաձեռնության հեղինակները, ի դեմս տիկին Եսայանի, այցելեցին մեզ, մտածում էինք, թե նախաձեռնությունը որտեղից սկսենք, ինչ կարի ֆաբրիկա ընտրենք, որ կանայք կարողանան ներգրավված լինել, որոշեցինք, որ ավելի լավ է՝ ծրագիրն իրականացնենք կարի ֆաբիկաների «դարբնոցում», այն ուսումնական հաստատությունում, որտեղ պատրաստում են մոդելավորողներ, կարի արտադրության մասնագետներ, որտեղ աշխատում է պրոֆեսիոնալ թիմ: Համատեղ որոշեցինք կապ հաստատել տնօրենության հետ և ծրագիրը կյանքի կոչել:
Ծրագրի սոցիալական և հումանիտար դերն ակնառու է մանավանդ վերջին տարիներին մեր պետության որդեգրած քաղաքականության առումով, ներառական կրթության ներդրման, խոցելի խմբերին հասարակությանն ինտեգրելու առումով, որպեսզի սոցիալապես խոցելի որևէ խումբ կամ սահմանափակ շաժունակությամբ որևէ անձ հասարակությունից մեկուսացված չլինի: Այս առումով Վանաձորն ակնառու քայլեր ունի արած, և սա այդ քայլերից մեկն է: Ողջունելի է, որ մեզ բարեկամ երկիր է հովանավորում մտահղացումը՝ «Եվրասիա» կազմակերպության հետ համատեղ: Հայ-լեհական առարկայական կապերից մեկը նաև 2017 թ.-ին Վանաձորի և Լյուբլինի միջև ստորագրված քույր քաղաքներ դառնալու հուշագիրն էր, որից հետո տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ և փոխայցելություններ, հյուրընկալեցինք հայտնի նկարիչ Ամադեուշ Պոպեկին, որը հանդես եկավ անհատական ցուցահանդեսով: Մաղթում եմ, որ համագործակցությունը դառնա ավելի առարկայական՝ ոչ միայն բարեգործական, այլև գործնական առումով: Թող նախաձեռնությունները լինեն շարունակական, ընդգրկեն հասարակության ավելի լայն շերտեր, միջպետական հարաբերությունների առումով ամրապնդեն հայ-լեհական համագործակցությունը, որը դարերի պատմություն ունի»:
Միջոցառման գեղարվեստական մասում հնչեցին երգեր, քոլեջի սաները հանդես եկան նաև պարային համարներով, ցուցադրեցին իրենց մոդելավորած հագուստները: Վերջում տեղի ունեցավ ծրագիրն ավարտած շահառուների հավաստագրերի և նվերների հանձնման պաշտոնական արարողությունը: