«Աշխարհում ռուսերեն լեզվի դեսպան» ծրագրի շրջանակում Վանաձորում են Ալ. Պուշկինի անվան լեզվի ինստիտուտի մասնագետները և կամավորները: Բուհը հանդիսանում է ԱՊՀ տարածքում ռուսերեն լեզվի դասավանդման գլխավոր ինստիտուտը, որտեղ կա նաև ռուսերեն լեզվի խորհուրդ: Մի քանի տարի առաջ կայացվել էր որոշում կազմակերպել և իրականացնել կամավորների ծրագիր, որը կմիավորեր ՌԴ և այլ պետությունների տարբեր բուհերի ուսանողների, ովքեր սիրում են ռուսերեն լեզուն, ռուսական մշակույթը և պատրաստ են այն ներկայացնել ուրիշներին:
Վանաձորում ծրագրի մասնակիցները դասեր են վարել դպրոցներում: Նպատակն էր օգնել աշակերտներին ավելի լավ յուրացնել ռուսերենը՝ խաղերի և զանազան ինտերակտիվ մեթոդների միջոցով:
Վանաձոր համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում Ալ. Պուշկինի անվան լեզվի ինստիտուտի դոցենտ, «Աշխարհում ռուսերեն լեզվի դեսպան» ծրագրի մեթոդիստ Տատյանա Կուդայարովան ասաց. «Մենք հիացած ենք: Շատ հյուրընկալ և բարեհամբույր մարդիկ էին մեզ շրջապատում ամենուր: Հիանալի բնություն ունեք: Գիտենք նաև Հայաստանի պատմությունը, ինչի համար ավելի շատ ենք սիրում այն: Մեզ միավորում է նաև քրիստոնեական հավատքը: Այս այցը նաև հրաշալի հնարավորություն էր կապեր ստեղծելու և հետագայում դրանք ամրապնդելու համար»:
Մամիկոն Ասլանյանն, ի պատասխան, ասաց.«Դարեր շարունակ մեր պետությունների միջև բարեկամական հարաբերություներ են ձևավորվել: Հրաշալի է, երբ նոր սերունդն է ավանդույթները շարունակում: Մենք մշտապես պատրաստ ենք համագործակցել և օգնել: Մարդկային հարաբերություններն են նաև պետական հարաբերությունների հիմքում: Շահերից զատ, մարդկային արժեքներն են»:
Հյուրերը Վանաձորի քաղաքապետի կողմից ստացան հուշանվերներ, վերջիններս էլ նվեր էին պատրաստել Մամիկոն Ասլանյանի համար: Հանդիպման վերջում հյուրերը լուսանկարվեցին: