Լոռու մարզի կենցաղային կոշտ թափոնների կառավարման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում հուլիսի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը և ծրագրերի խորհրդատուներն այցելել էին Վանաձոր: Քննարկմանը ներկա էին Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ծրագիրն իրականացվում է Գերմանական զարգացման բանկի (KFW) աջակցությամբ և նպատակ ունի մշակել Լոռու մարզի և Դիլիջան քաղաքի համար կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ:
Ծրագրի քննարկումներն ու մշակումն ավարտական փուլում են: Այդ պատճառով էլ նախարարությունը խնդիրների և առաջարկների ամբողջական պատկերը ստանալու նպատակով քննարկումներ ծավալում է շահառու համայնքներում:
Լոռու մարզում կառուցվելիք միջհամայնքային աղբավայրի նախնական վայրեր ընտրվել են Ղուրսալու և Նոր Խաչակապ համայնքները, սակայն հնարավոր է, որ ընտրված վայրը փոխեն: Հայաստանում այսօր բազմաթիվ աղբավայրեր կան, սակայն դրանցից ոչ մեկը արտոնագրված չէ: Հանրապետության տարածքում առանձնացվել է 172 աղբավայր, որոնցից ուսումնասիրության արդյունքում ընտրվածները կարտոնագրվեն, մյուսները կփակվեն: Բախշյանը օրինակելի համարեց այն փաստը, որ Վանաձորում համայնքի ղեկավարության անմիջական վերահսկողությամբ իրականացված աշխատանքների արդյունքում <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակում վերացվել է 59 ապօրինի աղբավայր: Եվս 20 փոքր աղբավայր վերացվել է ծրագրից հետո: Մասնակիցներին հետաքրքրում էր՝ որքան տարածք է զբաղեցնելու աղբավայրը, ինչ պետք է արվի Արջուտի՝ գործող աղբավայրի հետ և մի շարք այլ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: