Ապրիլի 4-ին տեղի ունեցավ Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգում գործող լողի մասնագիտացված մարզադպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Այն վերանորոգվել է, ներկվել, լողավազանը ենթարկվել է հատուկ քիմիական մաքրման, սալիկապատվել է, կատարվել են նաև հնոցի և ջեռուցման համակարգի նորացման աշխատանքներ: Լողի մասնագիտացված մարզադպրոցն արդեն ունի նոր սանհանգույց, լոգախցիկներ՝ նոր ցնցուղներով, վերանորոգված հանդերձարաններ և պատրաստ է այցելուներին դիմավորել բարձր մակարդակով: Բացմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, քաղաքապետի խորհրդական Հայկ Հովսեփյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք և սպորտի նվիրյալներ: Ներկաները շրջայց կատարեցին լողավազանի տարածքում, վերանորոգման արդյունքին ծանոթացան տեղում: Վանաձորի համայնքապետը մասնավորապես ասաց. «Այցելուները, բնակիչները, նաև մարզիկները այսուհետ գոհ կմնան պայմաններից: Մարզչական մեծ աշատանքի շնորհիվ է, որ նման արդյունքեր են գրանցվում: Ժամանակակից պահանջներին համապատասխան նորմալ պայմաններ են ստեղծվել մարզիկների և մարզիչների համար: Վստահ եմ, որ սա կնպաստի, որպեսզի մոտ ժամանակներս մարզական հաջողություններ ունենանք նաև լողի ասպարեզում՝ գոնե Հայաստանի մասշտաբով»:
Բացման հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 5-ին, մարզումների սեզոնի բացումն է: Շինարարական աշխատանքների համար քաղաքապետարանը տրամադրել է մոտ 5.5 մլն դրամ: «Բացումն ավելի վաղ էր նախատեսված՝ ապրիլի 1-ին, սակայն քաղաքի ջրամատակարարման դադարեցման պատճառով այն հետաձգվեց: Այսօրվանից դռները բաց են: Վաղվանից կատարվում է սաների ընդունելություն»,-ասաց Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Մարզադպրոցի փոխտնօրենն էլ վստահեցրեց, որ արդեն մեծ ուրախությամբ մազիկներն էլ, բոլոր երեխաներն էլ իրենց մարզումները կանցկացնեն հոյակապ լողավազանում: