Վանաձորի պատվիրակությունը մասնակցեց «Բաթումոբա-2018»-ին

Բաթումին  համխմբել  էր հազարավոր զբոսաշրջիկների և հյուրերի՝ տոնելու քաղաքի օրը՝ «Բաթումոբա»-ն:  Տոնակատարությունների կենտրոնը Մամեդ Աբաշիձեի անվան պողոտան էր, Եվրոպայի հրապարակը եւ քաղաքի կենտրոնում գտնվող հարակից փողոցները: Ծովահենների, նավաստիների եւ այլ կերպարների մասնակցությամբ շքերթը, երգերը, պարերը, երեխաների համար զվարճանքը, ցուցահանդես-վաճառքները, ինչպես նաեւ համերգները ուրախություն պարգևեցին Աջարիայի մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին: Բաթումի ժամանած հյուրերի թվում էր նաև Վանաձոր քույր քաղաքի պատվիրակությունը՝ ի դեմս Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանի և կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանի:

Այս տարի բաթումցիները նշում էին քաղաքի 130-ամյակը: Ծրագրի հեղինակների գաղափարի համաձայն՝ միջոցառման մասնակիցները տեղափոխվեցին XIX դարի կոլորիտով վերափոխված քաղաք: Տոնի մասնակիցները հանդիսավոր երթով անցան փողոցներով,  որոնք ձևավորված էին  տվյալ ժամանակին հատուկ պաստառներով, կահույքով ու կահկարասիով: Միջոցառումն անցկացվեց «Ճամփորդություն ժամանակի միջով» կարգախոսի ներքո: Հանդիպումների ընթացքում նախնական պայմանավորվածություն  ձեռք բերվեց Վանաձոր և Բաթումի քաղաքների ղեկավարների միջև, որպեսզի Բաթումիի փողոցներից մեկն անվանակոչվի Վանաձորի անունով:

Վանաձորի պատվիրակության օրակարգը հագեցած էր: Տոնական միջոցառումներից հետո նրանք մեկնեցին Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի, մասնակցեցին Սուրբ Պատարագի: Վանաձորի քաղաքապետը խոսք ուղղեց հայ համայնքին, որպեսզի ամուր պահեն հայկական մշակույթը, ազգային սովորույթներն ու արժեքները: Ապա Բաթումիում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Եղիշե Սարգսյանի և հայ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելեցին «Ալեքսանդր Մանթաշյանց» նորաբաց հայկական մշակույթի կենտրոն: Մամիկոն Ասլանյանը կենտրոնին նվիրեց սրբապատկեր: Հանդիպման ընթացքում խոսվեց հայ համայնքի խնդիրների և համագործակցության ամրապնդման մասին:

Բաթումիի օրն ավարտվեց Պիացցա հրապարակում կազմակերպված գալա-համերգով՝ տեղական և հրավիրված երաժիշտների մասնակցությամբ: Համերգը եզրափակվեց  տոնական հրավառությամբ:  «Բաթումոբա 2018» -ի շրջանակում անցկացվեց նաև ավանդական դարձած  «Բաթումիի պատվավոր քաղաքացի» կոչման դափնեկիրների պարգեւատրման արարողությունը:

You May Also Like