Վանաձորի համայնքապետարանի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյան և աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյան կազմով Լեհաստանի Լյուբլին քաղաքում էր: Այստեղ հուլիսի 1-ին մեծ շուքով նշվել է 1569թ. Լեհաստանի թագավորության և Լիտվայի դքսության միջև դաշինք կնքելու արդյունքում լեհ-լիտվական «Լյուբլին» միության ձևավորման 450-ամյակին նվիրված տոնակատարությունը:
Մեր պատվիրակները հանդիպումներ են ունեցել Լյուբլինի քաղաքապետ Քշիշտոֆ Ժուկի և Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի հետ, քննարկվել են համատեղ անելիքները: Առաջարկություններ են հնչել մշակույթի ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով: Վանաձորը, թեև Լյուբլինի հետ ունի համագործակցության հուշագիր, սակայն գործընկերության հուշագիր դեռևս ստորագրված չէ: Դեսպանի հետ քննարկվել է այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու հարցը, տոնական միջոցառումների ընթացքում տարբեր կառույցների ղեկավարների հետ տեղի է ունեցել փորձի փոխանակում:
Ի դեպ, Վանաձոր և Լյուբլին քաղաքների միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2017թ.-ին: Այդ շրջանակում փոխադարձ այց է եղել Վանաձոր համայնք, Լյուբլինի փոխքաղաքապետ Արթուր Շմչիկի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վանաձորի օրվա տոնական միջոցառումներին: Վերջերս մշակութային համագործակցության շրջանակում Վանաձորում բացվեց լեհ նկարիչ Ամադեուշ Պոպեկի անհատական ցուցահանդեսը: