Օգոստոսի 1-ին Վանաձորի ՀԿ կենտրոնում «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպվել էր քննարկում՝ նվիրված Լոռու մարզում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությանն ու թափանցիկությանը: Որպես բանախոսներ՝ հանդես էին գալիս Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը ներկայացրեց համայնքապետարանի կողմից կիրառվող այն մեխանիզմները և սկզբունքները, որոնք թույլ են տալիս համայնքային կառավարումն իրականացնել առավել թափանցիկ և ապահովել բնակիչների մասնակցությունն այդ կառավարման տարբեր փուլերին և որոշումների ընդունմանը։ Արտյոմ Գրիգորյանն իր ելույթում ներկայացրեց նաև հիմնավոր տվյալներ, որոնք վկայում են համայնքապետարանի թափանցիկ գործունեությունը ։
Վանաձորի պաշտոնական կայքում www.vanadzor.am կայքում յուրաքանչյուր այցելու կարող է ծանոթանալ`
- Վանաձոր համայնքի 2019 թարեկան բյուջեին
- Համայնքապետարանի տարեկան աշխատանքային պլանին
- Վանաձոր համայնքի 2018-2021 Զարգացման ծրագրին
Այս երեք կարևոր իրավական ակտերն ավագանու կողմից ընդունվել են հանրային բաց լսումների ու քննարկումների արդյունքում։ Սակայն, ինչպես նշեց Արտյոմ Գրիգորյանը, համյանքապետարանի թափանցիկ աշխատանքը դեռևս բավարար չէ, որպեսզի ապահովվի բնակիչների մասնակցությունը որոշումների ընդունման տարբեր փուլերում։ Բնակչությունն ինքն էլ պետք է շահագրգռված լինի օգտվել տեղեկատվական այն հնարավորություններից, որը տրամադրում է համայնքապետարանը։ Անգամ համայնքի ավագանու նիստերի ուղիղ հեռարաձակումները բավարար դիտողականություն չունեն, ինչպես կցանկանար համայնքապետարանը։ 2018 թվականին Վանաձորի համայնքապետարանը սահմանված կարգով կազմակերպել է 5 հանրային լսումներ, սակայն բանկչության և քաղհասարակության մասնակցությունը եղել է շատ պասսիվ։ Նույն պատկերն էր նաև համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող սուբվենցիոն ծրագրերի հայտերի ավագանու կողմից հաստատման գործընթացում։ Բոլոր սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի համար կազմակերպվել են հանրային լսումներ և այդ լսումներին բնակչության և քաղհասարակության մասնակցությունը ևս եղել է անբավարար։ Օգտվելով առիթից Արտյոմ Գրիգորյանը կոչ արեց քննարկմանը մասնակից անհատներին և քաղհասարակության ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել համայնքապետարանի կողմից կազմակերպվող բոլոր հանրային լսումներին։ Նա նաև հիշեցրեց, որ Լոռու մարզպետի գրության հիման վրա ընթացքի մեջ է համայնքի ղեկավարին կից 3 խորհրդակցական մարմիններում ընդգրկելու գործընթացը և հուլիսի 22-ից սահմանված կարգով իրականացվում է հանրային իրազեկում դիմումների ընդունման նպատակով։ Անցել է բավականին ժամանակ , սակայն առայժմ միայն 8 քաղաքացի է դիմել։ Արտյոմ Գրիգորյանը դիմեց քննարկման մասնակիցներին, առաջարկելով հանդես բերել քաղաքացիական ակտիվություն և ընդգրկվել այդ խորհուրդներում՝
ա/ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման (մինչև 25 անդամ),
բ/ քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերով (մինչև 25 անդամ),
գ/ կրթության, մշակույթի, երիտասարդության հետ կատարվող աշխատանքների , առողջապահության , սպորտի, սոցիալական (այդ թվում ՝ երեխաների պաշտպանության հարցերի,մինչև 25 անդամ ):
Համայնքապետարանի թափանցիկ աշխատանքն լիարժեք ապահովելու և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 19-ին բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակը, ուր մեկ պատուհան, մեկ կանգառ սկզբունքով մատուցվելու էր որակյալ ծառայություններ բնակչությանը։ 2018 թվականին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության տարածած տեղակատվությունը վկայում է, որ Վանաձորի Քաղաքացիների սպասարկման գրասենյակը ճանաչվել է լավագույններից մեկը հանրապետության քաղաքային համայնքներում գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակների մոնիտորինգի արդյունքում, քանի որ հարցմանը մասնակցած 99 տոկոս քաղաքացիները գոհ են սպասարկամն գրասենյակի աշխատակիցների ծառայությունից։
Քաղաքացիների սպասարկման գրասենյակը քաղաքացիներին մատուցում է 63 ծառայություն, իսկ 2019 թվականի աշնանը այդ ծառայությունների քանակը կավելանա։ Վանաձորի համայնքապետարանը կմատուցի նաև այլ ծառայություններ, այդ թվում ՝ իրավաբանական անձանց գրանցում և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշ գործառույթներ, և շատ կարևոր է, որ բնակչությունը իրազեկ լինի այդ մասով։
Գործարկվել է նաև առցանց կառավարման տեղեկատվական ՝ http://cmis.vanadzor.am, ուր յուրաքանչյուր այցելու կարող է ծանոթանալ․
1․ Համայնքի ավագանու բոլոր որոշումներին 2011 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս։
2․ Համայնքի ղեկավարի բոլոր որոշումներին 2016 թվականի մարտի 10-ից մինչ օրս։
3․ Համայնքի տարեկան բյուջեի կատարողականներին և հաշվետվություններին
4․․․․․․և ևս 39 տեղեկատվական բազաների , այդ թվում նաևմատուցվող ծառայությունների անվանացանկին, կարգին, պահանջվող ձևաթղթերին և այն իրավական ակտերին, որոնց հիման վրա մատուցվում է ծառայությունը։
Ամփոփելով խոսքը, Արտյոմ Գրիգորյանը փաստեց, որ համայնքապետարանի պաշտոնական կայքը և կառավարման տեղեկատվական համակարգը լիարժեք ապահովում են համայնքապետարանի թափանցիկ աշխատանքը և առաջարկում են նաև առցանց գործիքներ, քաղաքացիների մասնակցային կառավարման իրավունքի ապահովման նպատակով։
Արտյոմ Գրիգորյանը պատասխանեց նաև քննարկումներին մասնակից քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին։