Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը 45 տարեկան է

Այսօր՝ հունիսի 7-ին, հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի 45-ամյակը: Հոբելյանական ցերեկույթին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համայնքապետարանի բաժինների պետեր, ավագանու անդամներ, բազմաթիվ արվեստագետներ և արվեստասերներ, ինչպես նաև Վանաձորի քույր քաղաք Լյուբլինից ժամանած քանդակագործ, նկարիչ Ամադեուշ Պոպեկը: Տոնական ցերեկույթին բացման խոսքով հանդես եկան Լոռու մարզպետը և Վանաձոր համայնքի ղեկավարը: Օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը: Մամիկոն Ասլանյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Կերպարվեստի թանգարանը ես կառանձնացնեի որպես Վանաձորի էսթետիկական մշակութային վայրերից մեկը: Այն այլևս հավուր պատշաճի պետք է ներկայանա հանրությանը՝ և՛ այցելուներին, և՛ հյուրերին: Դա մեր պատկերասրահը պետք է թելադրի նաև իր արտաքին տեսքով, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով: Կարծում եմ՝ դեռ զարգացնելու տեղ ունենք. պետական և համայնքային միջոցների հաշվին մենք պարտավոր ենք և անելու ենք ամեն ինչ, որ կերպարվեստի թանգարանը դառնա Վանաձորի և մարզի այցեքարտերից մեկը: Մաղթում եմ, որ այստեղ մշտապես տիրի ցուցահանդեսային մթնոլորտ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն ու լուման են ունեցել և պետք է ունենան կերպարվեստի թանգարանի կայացման գործում: Մեր այցելուներին ու աշխատակիցներին ջերմ շնորհավորանքներս»: Միջոցառման ընթացքում Վանաձորի համայնքապետի և Լոռու մարզպետի կողմից շնորհավորագրեր հանձնվեցին թանգարանի տնօրինությանը: Ապա հերթը կարմիր ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությանն էր, որի պատիվը տրվեց Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին, մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին: Տոնական ցուցահանդեսին ներկայացված էին վանաձորցի նկարիչների, ինչպես նաև լեհ նկարիչ Ամադեուշ Պոպեկի աշխատանքները: Հյուրերին իրենց գեղեցիկ կատարումներով գեղագիտական հաճույք պատճառեց նաև Վանաձորի համայնքապետարանի կամերային նվագախումբը: Վերջում կտրվեց հոբելյանական տորթը, և արդեն անմիջական մթնոլորտում հնչեցին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:

You May Also Like