Վանաձորի լքված արդյունաբերական տարածքները վերափոխման ենթարկելու հնարավորություն

Ս.թ. հունիսի 9-13-ին ճանաչողական և հետազոտական այցելությամբ Վանաձորում էին «Էկոլաբ» հիմնադրամի և TraumWerkStadt կազմակերպության ներկայացուցիչներ՝ Կորինա Յոպիենը և Աստրիդ Թիվսը: Նրանք հանդիպում ունեցան Վանաձորի համանքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանի, զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Նելսոն Մամուլյանի, տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու Հայկ Լևոնյանի  և ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանի հետ:

Նպատակն է ստեղծել համագործակցություն և փոխանցել  լքված արդյունաբերական շինությունների տարածքները վերափոխման ենթարկելու փորձը, ուսումնասիրել հնարավորությունները Վանաձոր քաղաքի համար, որը Խորհրդային Հայաստանի ամենամեծ արդյունաբերական քաղաքներից էր: Հաջողվելու դեպքում, այս ծրագիրը կարող է նոր կյանք ու նշանակություն հաղորդել քաղաքին, խթանել տնտեսությունն ու ներքին կյանքը: Թունավոր թափոններով աղտոտված և լքված գործարանները կարող են վերածվել մշակութային և բնապահպանական տարածքի՝ հնարավորություններ ստեղծելով կրթության, արվեստի, սպորտի և ժամանցի համար, տարածաշրջանը հետաքրքիր դարձնելով զբոսաշրջիկների համար, ստեղծելով աշխատատեղեր բնակչության տարբեր շերտերի, այդ թվում՝ երիտասարդների և նախկին գործարանի աշխատակիցների համար:

«Էկոլաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամը և գերմանական «TraumWerkStadt e.V.» ասոցիացիան համագործակցություն են ձևավորում՝ նպատակ ունենալով հետազոտել լքված արդյունաբերական շինությունները և հետագայում զարգացնել ու վերօգտագործել դրանք որպես էկոլոգիապես մաքուր հանրային տարածքներ՝ մշակութային, կրթական և ժամանցային գործունեության համար: TraumWerkStadt-ը գործում է Գերմանիայի Ռուր հետարդյունաբերական շրջանում, որն արդյունաբերական տարածքների վերափոխման նշանակալի փորձ ունի, և հենց այդ պատճառով էլ 2010թ-ին մետրոպոլիայի տարածքը ճանաչվել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք:

Աչքի ընկնող օրինակներից մեկը Դույզբուրգ քաղաքն է, որտեղ նախկին գործարանը վերափոխվել է հանրահայտ Լանդշաֆտպարկ Նորդի: Մեկ այլ օրինակ է Օբերհաուզեն քաղաքի Kitev – Kultur im Turm e.V.-ը, որտեղ վերափոխվել է երկաթուղային կայարանին հարակից նախկին ջրամատակարարման աշտարակը:

 

Հանդիպման ընթացքում հյուրերին ողջունեց համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, ով ներկայացրեց Վանաձորում առկա իրավիճակն ու ակնկալիքը. «Սա այն ոլորտն է, որի մասին բազմաթիվ անգամներ համայնքի ղեկավարի հետ քննարկումներ են ծավալվել: Սա մեզ համար հոգեհարազատ ոլորտ է և մեծ սիրով կլսենք ձեր առաջարկությունները»:

Ծրագիրը Վանաձորի համապատասխան արդյունաբերական տարածքներում իրագործելու համար դիտարկվեցին առկա նպաստավոր պայմաները, խոչընդոտները և հետագա հնարավոր քայլերը: Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Նելսոն Մամուլյանը իր խոսքում մասնավորապես ասաց. «Սա նախկին արդյունաբերական քաղաքի արդեն անցյալում գտնվող կարգավիճակից ձերբազատվելու և լքված արդյունաբերական ձեռնարկությունների տարածքներում օրիգինալ լուծումներ ունենալու լավ հնարավորություն է»:

Հանդիպման ավարտին համատեղ այց կազմակերպվեց Վանաձորի լքված արդյունաբերական տարածքներում, մասնավորապես՝ նախկին քիմիական գործարանի, քիմիական մանրաթելերի գործարանի և ՋԷԿ-ի տարածքներում: Ձեռք բերվեցին գործնական պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ:

 

You May Also Like