Վանաձորին հանձնվեց Երիտասարդական մայրաքաղաքի բանալին

Վանաձորը 2018 թ. տարեվերջին հռչակվել էր 2019 թ. Երիտասարդական մայրաքաղաք: Խորհրդանշական բանալին Վանաձորին տրվեց տարվա նույնքան խորհրդանշական օրվա՝ Երիտասարդների միջազգային օրվա շրջանակում:
Տոնական օրը մեկնարկեց ՎՏԿ-ում, որտեղ երիտասարդների հետ հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Կրթության փոխակերպման, ապագայի մասնագիտությունների մասին իրենց պատկերացումները երիտասարդների հետ կիսեցին նաև Ազգային ժողովի ու կառավարության ներկայացուցիչներն ու պատասխանեցին նրանց հարցերին:
Օրվա ընթացքում Վանաձորում տեղի ունեցան նաև այլ միջոցառումներ՝ «Սպորտային քվեստ», «Հնարավորությունների տոնավաճառ և վարպետաց դասեր», «Առաջին օգնության ցուցադրական դասեր», «Էկո վազք», քաղաքային տուր՝ Վանաձորի տեսարժան վայրերով, պարային ֆլեշմոբ:
Օրվա գլխավոր միջոցառումը Հայքի հրապարակում էր: Ներկա էին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, 2018 թ. Երիտասարդական մայրաքաղաք Իջևանի համայնքապետարանի և Վանաձորի ՀԿ կենտրոնի ներկայացուցիչները: Ներկաներին երաժշտական ողջույն հղեց երգիչ Արմեն Ներսիսյանը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Արայիկ Խզմալյանը, ապա՝ Արկադի Փելեշյանն, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Սիրելի երիտասարդներ, ի սրտե շնորհավորում եմ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։ Անցած տարվա վերջին Վանաձորը հռչակվեց 2019 թ.-ի Երիտասարդական մայրաքաղաք: Այսօր մենք ընդունում ենք քաղաքի դարպասների բանալին և ուզում ենք, որ այն դառնա հնարավորությունների բոլոր փակ դռները բացող բանալի: Կրկին շնորհավորում եմ և մաղթում երջանիկ կյանք: Թող այս տարին լինի հաջողությունների մեկնարկի տարի»:
Բանալին հանդիսավորությամբ փոխանցվեց: Պաշտոնական մասին հաջորդեց համերգային ծրագիրը: Ելույթ ունեցան «Լավ Էլի» ռոք խումբը և մրցույթների դափնեկիր վանաձորցի տաղանդավոր երիտասարդ երգիչները:

You May Also Like