Ստեփանակերտում կայացավ Համահայկական 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվում է խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը անց են կացվելու Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում:
Արցախում անցկացնելն ունի նաև այն նշանակությունը, որ համահայկական խաղերի նշանաբանը՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնությամբ, սպորտի միջոցով միասնականությամբ, համերաշխությամբ սիրո գաղափարների տարածումն է, թևածումը համայն հայության շրջանում:
Համահայկական ամառային 7-րդ խաղերին Վանաձորը մասնակցում է 136 հոգով, որոնց թվում են պատվիրակության անդամներ և մարզիկ-մարզիչներ: Մեր քաղաքի մարզիկները հանդես կգան 9 մարզաձևերից` աթլետիկա, բազկամարտ, բադմինթոն, լող, հանդբոլ, մինի ֆուտբոլ, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ:
Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ,ավագանու անդամները և մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Մեր պատվիրակության շարքերում էին աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանը, աշխարհի վետերանների բազմակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանը, Եվրոպայի մեծահասակների առաջնության բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը, նրա մարզիչ ՀՀ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյանը, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանը, բռնցքամարտիկներ՝ Եվրոպայի 18-22տ առաջնության բրոնզե մեդալակիր Վախթանգ Հարությունյանը , Արման Դարչինյանը:
Միջոցառումը ուղեկցվեց եռաչափ լազերային շոուով,որի միջոցով ներկայացվեց պատմական Հայաստանից մինչև մեր օրերը ընկած կարևոր դրվագներ:

You May Also Like