Սանկտ-Պետերբուրգում կայացած կլոր սեղանի բացմանն ընթերցվեց Վանաձորի քաղաքապետի ողջույնի նամակը

Մայիսի 25-ին ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ  «Մշակութաբանությունը և նորօրյա գլոբալ մարտահրավերները» խորագիրը կրող կլոր սեղան, որը  նվիրված էր աշխարհահռչակ գիտնական, մշակութաբանություն գիտության հիմնադիր հայրերից մեկի՝ Էդուարդ Սարգսի Մարգարյանի հիշատակին և նրա ծննդյան 90-ամյակին: Է.Ս. Մարգարյանը նախնական կրթությունը ստացել է Վանաձորում (նախկին՝ Կիրովական):

Հատկանշական է, որ համաշխարհային ճանաչում ունեցող հայ գիտնականի եւ մտավորականի աշխատությունների ուսումնասիրությանն ու հանրահռչակմանն ուղղված կլոր սեղանը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու կոնֆերանսների դահլիճում: Եվ սա պատահական չէ, քանի որ տասը տարի առաջ այստեղ է տեղի ունեցել Մարգարյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ: Ցավոք, սա գիտնականի վերջին այցելությունն էր Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք:

Բացման հանդիսավոր արարողությանն ընթերցվել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր-Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս Ներսիսյանի, ՌԴ -ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տոգանյանի, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ողջույնի խոսքերը:

Կլոր սեղանի կազմակերպիչներն էին Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային միությունը, Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի տեսության եւ պատմության ամբիոնը եւ «Խաչմերուկ» սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպությունը:

Կլոր սեղանի մասնակիցների ելույթներում բազմակողմանի վերլուծության է ենթարկվել Մարգարյանի ներդրումը մշակույթի մշակութաբանական տեսության մշակման և մերօրյա գլոբալ խնդիրների ուսումնասիրության ոլորտում, մշակութաբանության ամբողջ համակարգի համար դրանց էվրիստիկ՝ որոնողական ներուժը: Կլոր սեղանի ընթացքում մանրակրկիտ դիտարկվել են հիմնական խնդիրները, որոնց լուծումից մեծ առումով կախված է մարդկության ապագան: Դրանք ներառում են 21-րդ դարում մարդկության սոցիալ-մշակութային զարգացման գիտական վերլուծության եւ կանխատեսման խնդիրները, ինքնապաշտպանական տեխնոլոգիաների զարգացման խնդիրները, ժամանակակից աշխարհի ճգնաժամային երեւույթները հաղթահարելու հնարավոր ուղիները, սոցիալ-մշակութային նախագծման խնդիրները, 21-րդ դարի մարդասիրությանն անցնելու ռազմավարական սկզբունքները:

Ի դեպ, աշխարհահռչակ պրոֆեսորը յուրօրինակ «հոգևոր կտակ» է թողել, ըստ որի, նրա ստեղծագործությունները, գիտական գաղափարներն ու ծրագրերը, գիտական հայացքներն ու հայեցակարգերը հայ ժողովրդի մտավոր սեփականությունն են եւ առաջին հերթին ստեղծվել են միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու համար:

You May Also Like