Հունվարի 9-ին Վանաձորի զինկոմիսարիատից պատրաստվում էր ծառայության մեկնել 2019 թ.-ի առաջին նորակոչիկները: Նրանց ճանապարհելու էին եկել ծնողները, հարազատները, ընկերները: Բոլորը հուզված էին: Զորակոչիկներին ճանապարհում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը: Նրանք ողջույնի խոսք հղեցին՝ երիտասարդներին մաղթելով անվտանգ և խաղաղ ծառայություն: Մամիկոն Ասլանյանը մասնավորապես ասաց. «Ծնված օրվանից բոլորս որոշակի պարտավորություններ ունենք մեր հայրենիքի, մեր երկրի, մեր տան հանդեպ: Զինվոր դաստիարակելու համար նաև մեծ կամք, մայրական ու հայրական մեծ սեր է պետք դեպի հայրենիքը: Երբ 2 տարի անց ձեր որդիները վերադառնան, նրանք այդ ժամանակ իրենց ավելի արժևորված են զգալու, քան նրանք, ովքեր չեն ծառայել: Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, քարե կամք և մարդկային հարաբերություններ, որովհետև բանակն էլ ընտանիքի պես մի օրգանիզմ է, որտեղ իրար հարգում, սիրում, պահում ու պահպանում են, մինչև տունդարձը: Բոլորիդ բարի երթ, խաղաղ ծառայություն, իսկ ծնողներին՝ համբերություն»:
Նորակոչիկներին օրհնանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը, ապա ներկաները միասին աղոթք հղեցին առ Աստված՝ հանուն հայրենիքի պաշտպանների: Բարի ծառայություն և բարի վերադարձ: