Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օրը:
Տոնի առթիվ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետը մասնավորապես ասաց․ «Միշտ և ամենուր ասում են, որ ուսուցիչը պետք է գնահատված լինի, բայց չեն ասում, որ ուսուցիչը պետք է գնահատված լինի նաև սոցիալապես։ Ես հուսով եմ, որ մենք կունենանք այնպիսի ժամանակներ, երբ մեր գնահատանքը կլինի ոչ միայն բարոյահոգեբանական առումով, այլև ֆինանսական։ Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև մարդկանց պահանջներն ու դաստիարակության ձևերը։ Մենք պետք է կարողանանք կերտել ուսուցչի այնպիսի կերպար, որը կլինի բոլորի կողմից ընդունված և անքննելի։ Եթե սերուդների միջև կապը, սերունդների հերթափոխի բնականոն ընթացքը հանկարծ խաթարվեց և մենք տրվեցինք ապազգային փոփոխություններին, մեր ազգային ինքնությունը կկորցնենք, որի իրավունքը չունենք։ Ուսուցիչն ազգային ինքնությունը պահպանող կարևորագույն օղակն է և այդ առաքելությունը պատվով պետք է կրի։ Առաքելությունը մաքառումների ճանապարհ է, այն հարթ ճանապարհ չէ, այլ ճանապարհ կառուցելու մեծ գործընթաց։ Որևէ ղեկավար չի կարող ուսուցչին գնահատել կամ թերագնահատել։ Ուսուցչին գնահատում է հասարակությունը։ Կրկին շնորհավորում եմ և մաղթում, որ մշտապես լինեք գնահատված»։
Մասնագիտական տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի, աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման և ակնառու հաջողությունների համար մի խումբ մանկավարժներ համայնքի ղեկավարի անունից պարգևատրվեցին շնորհակալագրերով և ծաղիկներով: