Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ ոստիկանության տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը՝ համայնքներում առկա խնդիրները քննարկելու նպատակով: Նիստը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ներկա էին համայնքների ղեկավարներ և մարզպետարանի աշխատակիցներ:
Օրակարգում սպասարկվող վարչական տարածքներում իրավախախտումների կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տեսանկարահանող սարքերի տեղադման, բազմաբնակարան շենքերի շքամուտքերի լուսավորության, դռների կոդավորվող փականների վերաբերյալ հարցերն էին: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը ներկայացրեց նաև բնապահպանական ոլորտին, մասնավորապես՝ անտառահատումների կանխարգելմանը, ինչպես նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում համայնքապետարանների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մարզի ոստիկանապետը կարևորեց նախատոնական և տոնական օրերին հասարակական կարգի պահպանման հետ կապված աշխատանքները, ինչպես նաև պայթուցիկ հրավառ նյութերի կանխարգելման նպատակով բնակչության հետ ոստիկանության, համայնքի ղեկավարության կողմից տարվելիք բացատրական աշխատանքները:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Վանաձորը, որպես մեծ համայնք, տեսագրող սարքերի որոշակի խմբաքանակ արդեն իսկ ունի: Դրանք տեղադրված են սպասարկման օբյեկտներում: 2018թ. բյուջեով նախատեսվել է տեսագրող նոր սարքեր ձեռք բերել: Քաղաքապետը խոսեց նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ոստիկանության հետ համագործակցության մասին, ինչի շնորհիվ չնախատեսված վայրերում աղբ թափելու 4 դեպք է աձանագրվել, իրավախախտները վարչական պատասխանատվության են ենթարկվել:
«Բազմաբնակարան շենքերի մոտ կտեղադրվեն նկարահանող սարքեր, ինչը կկանխի չթույլատրվող վայրերում աղբ թափելը: Բավականին աշխատանքներ ենք տարել նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերի լուսավորության հետ կապված: Մենք նաև համատիրություններին կպարտավորեցնենք, որ իրենց ունեցած միջոցների հաշվին շքամուտքերում լուսավորություն և կոդավորվող փականներ տեղադրվեն»,-ասաց քաղաքապետը: Նա անդրադարձավ նաև քաղաքի գլխավոր տոնածառի գիշերային պահպանության խնդրին: