Շնորհակալագրեր և դրամական պարգևներ՝ վանաձորցի հաղթող մարզիկներին և նրանց մարզիչներին
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը օգոստոսի 16-ին ընդունեց 2018թ. ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող Հովհաննես Մաղաքյանին, նրա մարզիչ Ժորա Հովհաննիսյանին, ՀՀ 2018թ. սեղանի թենիսի պատանիների չեմպիոններ Ավետ Վասիլյանին, Հովհաննես Ջուլհակյանին, Էդգար Ռաֆայելյանին և նրանց մարզիչ Հովիկ Կոստանյանին: Հանդիպմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը և ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը: Քաղաքապետը նախ շնորհավորեց մրցանակակիրներին՝ մարզական հաջողութունների համար: «Հարգելի Հովհաննես, այսօր դու կարողացար Վանաձորի և Հայաստանի մարզական պատիվը բարձր պահել և միջազգային հարթակում հայկական դրոշը բարձրացնել: Ուզում եմ, որ հաջողությունդ կանգառ չունենա: Ինչքան ուժերդ և երիտասարդական ավյունդ հերիքում են, շարունակիր Վանաձորի մարզական պատիվը բարձր պահել և արդեն մեծահասակների առաջնություններում մեր նախորդ մարզիկների հաջողությունները գերազանցիր: Թենիսը ևս Վանաձորում երկար տարիների պատմություն ունի: Կուզեմ, որ միջազգային հարթակներում կարողանաք մեր գեղեցիկ քաղաքը ներկայացնել շատ պատվաբեր կերպով: Անչափ կարևորում եմ մեր մարզիչների աշխատանքը և հատուկ շնորհակալություն եմ հայտնում: Վանաձորը հարուստ և հպարտ է իր մարզիչներով, այն մանկավարժներով, ովքեր, անկախ սոցիալ- տնտեսական և շենքային պայմաններից, տասնամյակներ շարունակ սերունդներ են կրթում, դաստիարակում և ճանապարհում մեծ կյանք»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Հովհաննես Մաղաքյանը և նրա մարզիչն արժանացան շնորհակալագրերի և դրամական պարգևների, իսկ թենիսիստնեը և նրանց մարզիչը՝ Վանաձոր համայնքի ղեկավարից ստացան շնորհակալագրեր: