Նոյեմբերի 7-ին Վանաձորի համայնքապետը հյուրընկալել էր ՀՀ բռնցքամարտի մեծահասակների առաջնությունում Վանաձորի պատիվը բարձր պահած մարզիկներին և նրանց մարզիչներին: Մամիկոն Ասլանյանը նախ շնորհավորեց բոլորին՝ ընդգծելով, որ Վանաձորն ունի բռնցքամարտի հարուստ ավանդույթներ և մարզաձևը զարգացնելու հեռանկար: Քաղաքապետը հույս հայտնեց, որ վանաձորցի բռնցքամարտիկների երբեմնի համբավը կվերականգնվի, և նոր սերունդը հաղթանակների իր պատմությունը կամրագրի քաղաքի տարեգրության էջերում: Համայնքապետարանն ամեն ինչ անելու է՝ Վանաձորում մարզական կյանքի աշխուժացման, առողջ ապրելակերպի քարոզչության և մարզկենտրոնի պատիվը հանրապետական, միջազգային հարթակներում բարձր պահող մարզիկներին խրախուսելու համար:
Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհակալագրերին արժանացան ՀՀ բռնցքամարտի մեծահասակների առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրած Մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկներ 60կգ քաշային Հրայր Շահվերդյանը և 81 կգ քաշային Արտյոմ Գալստյանը, ՕՀՄՄԴ-ից՝ 75 կգ Արման Դարչինյանը, Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցից՝
69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը: Շնորհակալագրերի արժանացան նաև նրանց մարզիչները՝ Արկադի Կոստանյանը, Բագրատ Ավոյանը և Արմեն Պապիկյանը: