Շնորհակալագրեր՝ ինքնատաքացվող բաժակների գյուտի հեղինակներին

Սեպտեմբերի 13-ին Վանաձոր համայնքի ղեկավար  Մամիկոն Ասլանյանն ընդունեց «Սևան Ստարտափ Սամիթ 2018» համաժողովի  «Starter» ծրագրում հաղթող ճանաչված, Վանաձորը ներկայացնող  «Magic Cup» ստարտափի ներկայացուցիչներ Մովսես և Մարիամ Մակարյաններին, ովքեր իրենց թիմի հետ միասին ստեղծել են  ինքնատաքացվող բաժակներ:

Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Նելսոն Մամուլյանը և Վանաձոր համայնքի ավագանու անդամ Դավիթ Հակոբյանը: Զրույցի ընթացքում գյուտի հեղինակները պատմեցին համաժողովից ստացած տպավորությունների մասին, ներկայացրեցին բաժակի ստեղծման նրբությունները, խոսեցին ծրագրերից: Արդեն ստեղծել են նաև ինքնասառեցվող բաժակներ, գյուղատնտեսությանն անհրաժեշտ անասնակերի տեսակ, որը կբարձրացնի կաթնատվությունն ու մսատվությունը: Երիտասարդների հեղինակած գյուտերն արդեն հետաքրքրել են ներդրողներին: Մամիկոն Ասլանյանը Մովսես և Մարիամ Մակարյաններին պարգևատրեց շնորհակալագրերով և նվիրեց «Վանաձոր» խորագիրը կրող գրքեր: «Շնորհավորում եմ: Շնորհակալություն, որ մեզ հպարտանալու առիթ տվեցիք: Մաղթում եմ  նոր գաղափարներ, դրանք իրագործելու կամք և հնարավորություն, որպեսզի կարողանաք ձեր նորարարական գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին»,-ասաց քաղաքապետը:

You May Also Like