ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Ֆրանսիայի Նևեր քաղաքում մասնակցել են սույն թվականի նոյեմբերի 9-10-ը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո առաջին անգամ անցկացվող «Միջին քաղաքների նորարարական զարգացման համաշխարհային գագաթնաժողովին» (SIIVIM)։ Գագաթնաժողովը միտված է նորարարական տեխնոլոգիաների միջոցով տարածքային զարգացման խթանմանը, միջազգային համագործակցության եզրեր գտնելուն և փորձի փոխանակմանը:
Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ ժամանակակից զարգացած քաղաքները համարվում են առաջատար պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, քաղաքային և գյուղական սեփականության կառավարման ոլորտներում, ինչպես նաև բժշկական ծառայությունների, գործարարության, արդյունաբերության, տեղաշարժի հեշտացման և պետական կառավարման օնլայն տարբերակի անցման ասպարեզում: Տասնյակ startup մասնագետներ տարբեր կազմակերպություններից ու երկրներից, ինչպես նաև Իսրայելի հռչակավոր Տեխնոլոգիական ինստիտուտի (Technion) մասնագետները, գագաթնաժողովի ընթացքում ներկայացրել են քաղաքների զարգացման մեթոդները, գործիքները, զարգացման հիմնական ուղղությունները:
Նմանօրինակ նորագույն լուծումները նպատակ ունեն հեշտացնել պետական կառավարումը, ամրապնդել կառավարություն-քաղաքացի կապը՝ ամուր հիմք դառնալով թվային դեմոկրատիայի համար: Միևնույն ժամանակ գագաթնաժողովը նպատակ ունի ստեղծել ու շահագործել startup ծրագրեր՝ smart city-ներ հիմնադրելու համար:
Գագաթնաժողովի ավարտին Վանաձորի քաղաքապետը ստորագրել է Մտադրությունների հուշաթուղթ: