Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ տարիքի երեխաների սպորտլանդիայի համայնքային փուլի հաղթողներին հունիսի 11-ին հյուրընկալեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը:
Նա շնորհավորեց մրցանակակիրներին՝ կարևորելով մրցումների օլիմպիական սկզբունքը՝ համերաշխությունը և առողջ ապրելակերպը: «Այստեղ հաղթելը և պարտվելը էական չեն: Կարևորն այն է, որ ակտիվ, առողջ և խելացի երեխաներ մեծանան: Կյանքը հետագայում հաղթելու և պարտվելու շատ հնարավորություններ կընձեռի»,-ասաց քաղաքապետն ու հավելեց, որ նման միջոցառումներն ավելի շատ տոնախմբության պետք է վերածել: Այդ տարիքի երեխաների համար մեդալից կարևոր են նվերները, և երեխան երբեք իրեն պարտված պետք է չզգա:
Շնորհավորանքի խոսքին հաջորդեց սպասված պահը: Սպորտլանդիայի մրցանակակիրներից առաջին պատվավոր տեղը զբաղեցրած N5, երկրորդ տեղը զբաղեցրած N31 և երրորդ տեղը զբաղեցրած N3 մանկապարտեզների տնօրենները Մամիկոն Ասլանյանի ձեռքից ստացան կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նվեր մարզական գույքը: