Նոր ներդրումային ծրագրեր Վանաձորում


Մարտի 2-ին Վանաձորի քաղաքապետը հյուրընկալել էր Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ղեկավարներ Սեզար Լորենսին, Գոհար Մուսայելյանին և Նիկոլաս Դե Կաստելլիին: Հանդիպման նպատակը ծրագրի շրջանակում Վանաձորում իրականացվելիք աշխատանքների քննարկումն էր: Նախատեսվում է Վանաձորի ավտոկայանի բարեկարգումը, որը լինելով կապի հանգույց, կդառնա ավելի ներկայանալի, իսկ տրանսպորտի կայանումն՝ առավել հարամարվետ, ինչի արդյունքում կավելանա այցելուների թիվը: Սեզար Լորենսը կարևորեց համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող առաջնային ծրագրերը, որոնք կհամեմատեն տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացված զարգացման ծրագրերի հետ, ապա ծրագրի խորհրդատուները 4-6 ամսվա ընթացքում կմշակեն ծրագրի նյութական և տնտեսական հիմնավորումը:
Մամիկոն Ասլանյանը համայնքի առաջնային խնդիրներից առանձնացրեց փողոցների, մայթերի, հրապարակների բարեկարգումը, կանաչապատումը և լուսավորությունը, ինչպես նաև դրանց համահունչ կոմունիկացիոն կապերի ստեղծումը: Նախատեսվում է հիմնանորոգել Սանկտ Պետերբուրգի և Ներսիսյան փողոցները: Լճերի տարածքը զվարճանքի և հանգստի կենտրոն դարձնելու դեպքում այդ ճանապարհների բարեկարգումը կարևոր ներդրում կլինի: Ճանապարհների հիմնանորոգմանը զուգընթաց ամբողջապես փոխվելու են լուսավորության ցանցը և ջրահեռացման համակարգը:
«Դուք ունեք գեղեցիկ քաղաք, և մենք ուզում ենք այն դարձնել ավելի գեղեցիկ»,-եզրափակեց Սեզար Լորենսը: Հանդիպման վերջում հյուրերը Վանաձորի քաղաքապետի հետ շրջայց կատարեցին այն վայրերում, որոնք ընդգրկվելու են ծրագրում:

You May Also Like

Leave a Reply