Նշվեց Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի 35-ամյակը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ մասնաճյուղի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառում:
Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ և արվեստասերներ, կենտրոնի բազմաթիվ բարեկամներ, հյուրեր՝ մայրաքաղաքից: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, ով փոխանցելով Մամիկոն Ասլանյանի շնորհավորանքը, իր խոսքում մասնավորապես ասաց. «Մենք այսօր նշում ենք մի հաստատության 35-ամյակը, որը ցանկացած կայացած պետության յուրաքանչյուր քաղաքի մեջ պատիվ կբերեր արվեստասեր հասարակությանը: Ով իր հոգում արվեստ է կրում, ով սովոր է գեղեցիկին, չի կարող չգնահատել Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գործունեությունը, որը ոչ միայն լուծում է գեղագիտական դաստիարակության խնդիրը, այլև արվեստի մեջ մի յուրատեսակ մակարդակ է բերում: Շնորհավորում եմ և ցանկանում ուժ ու եռանդ բոլոր աշխատակիցներին՝ տիկին Գլոյանի գլխավորությամբ»:
Արման Բերնեցյանը համայնքի ղեկավարի անունից նաև շնորհակալագրեր և շնորհավորագիր հանձնեց Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցներին և տնօրեն, նկարչուհի Կարինե Գլոյանին:
Օրվա տոնական շունչն ապահովեցին երգիչ Արմեն Ներսիսյանը, Վանաձորի կամերային երգչախումբը և կամերային նվագախումբը, սաքսոֆոնահար Ռոբերտ Ռիգանյանը:

You May Also Like