Վանաձորի քաղաքապետարանի բաժինների հաշվեվությունները շարունակվում են: Արդեն 6 բաժին հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ: Լսել համայնքի ղեկավարի նկատառումներն ու գնահատականը: Հունվարի 25-ին 2017թ. հաշվետվությամբ հանդես եկավ նաև Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետը:
Համայնքի ենթակայությամբ գործում է 10 մարզադպրոց` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ գործում է 20 մարզաձև, մարզվողների թիվը`2172 մարզիկ-մարզուհիներ:
Մարզադպրոցների պահպանման և սպորտային միջոցառումների կազմակերպման համար համայնքի բյուջեից տրամադրվել է 287.369.800 /երկու հարյուր ութսունյոթ միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար ութ հարյուր /դրամ:
2017թ. ընթացքում ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին է հասցեագրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ուղարկված 65 գրություն, որոնց սահմանված ժամկետներում տրվել է համապատասխան լուծում: Կազմվել է համայնքի ավագանու որոշման 2 նախագիծ, համայնքի ղեկավարի կարգադրության` 1 նախագիծ: Կազմվել է 14 զեկուցագիր:
Համաձայն ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի օրացուցային պլանի, 2017թ. կազմակերպվել և անց են կացվել 22 մարզական մասսայական միջոցառում, որին ակտիվորեն մասնակցել են համայնքում գործող մարզական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, ավագ դպրոցները, քոլեջները, համայնքի ազգաբնակչությունը:
Աջակցել են հոկտեմբերի 27-ից 29-ը առաջին անգամ հայկական կոխ ըմբշամարտի ՀՀ մեծահասակների առաջնության անցկացմանը:
2017թ. ընթացքում աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, աշխարհի և Եվրոպայի գավաթի խաղարկություններին մասնակցել են թվով 23 մարզիկ: 21 տարվա դադարից հետո Վանաձորն ունեցավ աշխարհի չեմպիոն` սամբո ըմբշամարտիկ Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ընդգրկվել 2017թ. Հայաստանի Հանրապետության տասը լավագույն մարզիկների ցուցակում: Նա արժանացել է ՀՀ <<Սպորտի վաստակավոր վարպետի>> կոչման: Տարբեր մարզաձևերից 10 մարզիկ դարձել են աշխարհի, Եվրոպայի առաջնության մրցանակակիր:
Հաշմանդամ մարզիկներից 1 մարզիկ դարձել է դահուկավազքի <<Հատուկ օլիմպիադայի>> 1000մ տարածության արծաթե մեդալակիր, 1 մարզիկ` ձյուդոյի սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր: ՀՀ հավաքական թիմերում ընդգրկվել են 82 մարզիկ, միջազգային մրցաշարերին մասնակցել են 112 մարզիկ, ՀՀ առաջնություններին մասնակցել են 450 և ավել մարզիկներ, հաղթող են դարձել 47 մարզիկ:
2017թ. ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք» հանրապետական ստուգատեսում Վանաձոր համայնքը ճանաչվել է հաղթող:
Հաշվետվության ավարտին՝ քաղաքապետը խոսեց ծրագրերից և հորդորեց. «Ես խնդրում եմ և հորդորում ամեն ինչ անել, որ մեր «Լոռվա ձմեռ» ավանդական մարզատոնահանդեսն ընդգրկվի հանրապետական փառատոնների շարքում: Այն Հայաստանում անցկացվող ամենահին մարզական տոներից է և ձմռանը համախմբում է հազարավոր մարդկանց: Պետք է աշխատել այնպես, որ մասսայական միջոցառումները լինեն յուրօրինակ և հետաքրքիր: Սա կնպաստի սպորտի ժողովրդականացմանը»:
Մամիկոն Ասլանյանը ողջունելի համարեց մարզական ձեռքբերումները, սակայն հավելեց, որ մեր հիմանկան նպատակն օլիմպիական ոսկին է: Քաղաքապետը Գևորգ Մացակյանին հանձնարարեց ուսումնասիրել ծանրամարտի դպրոցի պայմանները, որպեսզի հստակ պատկերացում կազմեն՝ ինչ միջոցներ են անհրաժեշտ այն հիմնանորոգելու համար: Խնդիր է դրված նաև, որ քաղաքային լողավազանը գործի ամբողջ տարին, ինչը կնպատի և՛ մարզիկների պարապմունքներին, և՛ ծառայությունների ներդրման շնորհիվ՝ կարող է բերել հավելյալ եկամուտներ: