Դեռևս տարեսկզբից նախանշված և մշակված համայնքի զարգացման քառամյա ռազմավարական ծրագրում, տարվա աշխատանքային պլանում, տնտեսական զարգացման ծրագրերում մի քանի ուղենիշներ արձանագրվեցին, որոնք փաստեցին, որ Վանաձորում վաղուց հավակնոտ ծրագրեր իրականացնելու ժամանակն է: Մշակված ծրագրերը , կուտակված նոր գաղափարները , տարբեր թիմերի հետ հետևողական աշխատանքներն ու նախաձեռնությունները,համայնքի կարիքները և կառավարման պահանջները հիմք հանդիսացան ներդրումային ծրագրերի մեծ ցանկի ձևավորման համար:
Ծրագրերը, թվով ՝մոտ 50, քննարկվում են նաև Լոռու մարզպետարանի , ՀՀ տարածքային կառավարման , տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, այլ շահագրգիռ շրջանակների հետ:
Ներդրումային ծրագրերի մշակման հետ կապված տարբեր ընթացիկ խնդիրներ են առաջանում: Կան ծրագրեր, որոնք արդեն մեկնարկել են, կան ծրագրեր, որոնց մեկնարկելու համար որոշակի քայլերի անհրաժեշտություն կա:Դրանք լուծելու նպատակով հերթական անգամ տեղի ունեցավ քննարկում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիանեերի բաժնի պետ Նելսոն Մամուլյանը ներկայացրեց առաջիկա անելիքները :
Ծրագրերը բազմաբնույթ են՝ սկսած ենթակառուցվածքների զարգացումից, զբոսաշրջության զարգացման ուղիներից, մինչև այգիների բարեկարգում և գործարանի կառուցում, զվարճանքի վայրերի ստեղծում և այլն:
«Ես կխնդրեմ, որ հանրությունը հետևի և մասնակցի այս ծրագրերի ընթացքին, քանի որ կարիք կա թե փորձառու մասնագետների , թե լրացուցիչ հետազոտությունների : Պատրաստ ենք նաև նոր գաղափարներ դիտարկել , նոր ծրագրեր քննարկել»,-ասաց Նելսոն Մամուլյանը:
Նախատեսվում է ներդրումային համաժողով կազմակերպել, որը լուրջ խթան կհանդիսանա ներկայացված ծրագրերին համապատասխան ընթացք տալու և արդյունքում ՝ համայնքի իրական և շոշափելի զարգացմանը: