Մոր և մանկան այգին արդեն բաց է այցելուների համար
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայքի հրապարակի հարևանությամբ կառուցված Մոր և մանկան այգու բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, «Ռոստելեկոմ» ընկերության ներկայացուցիչներ: Այգին կառուցվել է ՀՀ կառավարության և Լոռու նախին մարզպետ Արթուր Նալբանդյանի ջանքերով: «Նվիրում ենք մանկություն» ծրագրի շրջանակներում էլ «Ռոստելեկոմ»-ն է նվիրել խաղասարքեր: Կազմակերպչի կողմից փոքրիկներին բաժանվեցին քաղցրավենիք, փուչիկներ: Միջոցառմանը ներկա էին նաև ճանաչված մուլտֆիլմերի հերոսներ, ծաղրածուներ և խաղավարներ: Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը նշեց. «Ընկերությունը գեղեցիկ նախագծեր է իրականացնում, այդ թվում՝ այս այգու խաղասարքերի տրամադրումը: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև մի քանի այլ նախագծերի՝ քաղաքի այլ հատվածներում ազատ WiFi ունենալու և մանկապարտեզներից մեկի համար խաղահրապարակի շինարարության վերաբերյալ: Քաղաքի համար այս երևույթն իրադարձություն է, որովհետև այս այգին տասնամյակներ շարունակ լքված վիճակում է եղել: Մեր կառավարության և նախորդ մարզպետի ջանքերով այն վերակառուցվեց: Հիմա մնում է նաև համալրել սարքավորումների քանակը, նստարաններ տեղադրել, որը մենք մեզ վրա կվերցնենք: Տեսնենք պահպանությունն ինչպես կիրականացվի: Գուցե նաև պահակների վրա լրացուցիչ պարտականություն դնենք, որ գիշերային ժամերին այստեղ հսկողություն լինի: Ինչ պահպանություն էլ իրականացվի, բնակչության մեջ առաջին հերթին պահպանելու մշակույթ պետք է լինի»: