Այսօր՝ հունիսի 15-ին, Վանաձորի Հայքի հրապարակում անկացվում է իր տեսակի մեջ յուօրինակ մի միջոցառում, որը նվիրված է էներգաարդյունավետությանը: ԵԱՏՄ երկրների համար տարածաշրջանային «Միասին պայծառ է» ամենամյա փառատոնն առաջին անգամ տեղի է ունենում Հայաստանում և անցկացման վայրը հենց Վանաձորն է:
Ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Աշոտ Դիլոյանը, ով փոխանցեց նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը, ապա ելույթ ունեցան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ով մասնավոևրապես ասաց. «Վանաձորը շատ ուրախ է իր խաղաղ, կապույտ երկնակամարի տակ հյուրընկալել այս միջոցառումը: Մենք տեսնում և հասկանում ենք, որ վերջին 15-20 տարում աշխարհն արագ զարգանում է, մանավանդ գիտության և տեխնիկայի բնագավառում, հետևաբար մեծանում են նաև էներգիայի սպառման ծախսերը: Որպեսզի մեր սիրելի երկիր մոլորակի հավասարակշռման բալանսը մենք չխախտենք, պարտավոր ենք քայլեր ձեռնարկել և՛ էներգաարդյունավետության, և՛ էներգախնայողության, և՛ նոր էներգիայի աղբյուրներ որոնելու գործում: Կարծում եմ, որ միջոցառումների այս շղթան, որ ընթացքի մեջ է և այսօր էլ մեկնարկել է Վանաձորում, ուղղված է նրան, որ մենք ունենանք ավելի արդյունավետ էներգակառավարում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնում և զարգացում, և մեր ետևից եկող սերնդին կարողանանք այդ մշակույթն ու դաստիարակությունը փոխանցել»:
Ամբողջ օրվա ընթացքում հրապարակում տիրում էր բարձր տրամադրություն: Նախապես դրված բնության տարերքների անունները կրող տաղավարներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր ու մրցույթներ, գիտափորձեր, վարպետաց դասեր: Լամպերի փոխանակում, դեմքերի նկարազարդում, տիկնիկային թատրոն: Փառատոնի ընթացքում Եվրամիության «Քաղաքապետերի դաշնագրին» միացած Վանաձորը «Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակում հանդես եկավ իր առանձին տաղավարով: Վանաձորի երկինքը զարդարում էին գեղեցիկ օդապարուկները, որոնք թռցնելու համար հերթի էին սպասում թե՛ փոքրերը, թե՛ մեծերը: Երեխաների մի մասն էլ սիրով լուսանկարվում էր հեքիաթային տաղավարում: Ոմանք ուժերը փորձում էին էներգիա արտադրող հեծանիվի վրա: Դիտարժան էր նաև էկո-տուն տաղավարը, արեւային վահանակների էքսպոն: Զուգահեռ ներկայացված էր «Էներգաարդյունավետությունը երեխաների աչքերով» ցուցահանդես: Այս ամենն ուղեկցվում էր աշխույժ երաժշտությամբ՝ DJ-ի կատարմամբ, իսկ միջոցառումը վարում էր Աղաս Մանուկյանը: Առջևում դեռ անակնկալներ կան. Բոլորը սպասում են օդապարիկով երկինք բարձրանալուն: Ընթացքի մեջ է նաև Ֆլեշմոբը: Դե իսկ երեկոյան սպասվում է համերգ՝ «Քլոքերս» և «Լավ Էլի» խմբերի մասնակցությամբ: