Հունիսի 8-ին այս տարի արդեն երկրորդ անգամ մեկնարկեց «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակը: Վանաձորը, ձևավորված ավանդույթի համաձայն, շաբաթօրյակին մասնակցեց պատշաճ կերպով: Համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, համայնքում գործող պետական, հասարակական, մասնավոր կառույցների աշխատակիցները և համայնքի բնակիչներն ակտիվորեն մասնակցեցին համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Աշխատանքները համակարգում էր Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժինը: Մաքրման աշխատանքներն ընթացան հիմնականում նախապես որոշված 52 հասցեներում: Դրանք արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքը բաժանվել էր 3 գոտիների, որոնց մեջ ներառված տարածքների մաքրման աշխատանքները համակարգում էին բաժնի պետի կողմից ձևավորված աշխատանքային խմբերը: Բաժնի կողմից տրամադրվել էին նաև աղբահավաք մեքենաներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար: Շաբաթօրյակի աշխատանքները կատարելու համար գործի էին դրվել 4 տրակտոր, 10 ինքնաթափ բեռնատար, 1 ինքնաբարձիչ մեքենա:
Համապետական շաբաթօրյակին մասնակցում էին համայնքապետարանի ենթակայության 10 մարզադպրոց՝ 214 աշխատակցով և ավելի քան 300 մարզիկով, 39 կրթամշակութային հիմնարկ՝ ավելի քան 500 աշխատակցով, մոտ 300 աշակերտով և ծնողներով: Լոռու մարզկենտրոնի 35 համատիրություններն՝ իրենց աշխատակիցներով և բնակչությամբ մաքրում էին հարազատ բակն ու փողոցը և կոչ անում բոլորին՝ միանալ շաբաթօրյակին: Եթե նախորդ տարիներին կային աղբի կուտակման վայրեր, ապա պարբերաբար իրականացվող շաբաթօրյակների ընթացքում աշխատանքների ճիշտ համակարգման արդյունքում աղբի կուտակման վայրեր այլևս չկան: