Մամիկոն Ասլանյանը հանդիպել է հացարտադրողների հետ


Վանաձորի հացի շուկայում հացի գնի տատանումը բնակչության մեջ բողոքի ալիք է բարձրացրել: Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը խնդրի պարզաբանման և քննարկման նպատակով օգոստոսի 21-ին իր մոտ էր հրավիրել Վանաձորի հաց արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարներին: Քննարկման ընթացքում արտադրողները խոստովանեցին, որ Վանաձորում հիմնականում օգտագործում են ռուսաստանյան ծագման ալյուր: Նրանց պնդմամբ՝ ՌԴ-ում ալյուրի գների տատանում է տեղի ունեցել, ինչը առիթ է հանդիսացել հացի գնի բարձրացման համար, սակայն, նաև հավելեցին, որ գնի թանկացման հիմնական պատճառը դա չէ, այլ այն, որ 2015թ.-ից ի վեր Վանաձորում ոչ առողջ մրցակցության հետևանքով գներն արհեստականորեն իջեցվել են, և գրեթե բոլորն աշխատելիս են եղել վնասով: Արտադրողները բերեցին նաև օրինակներ, որ մեր հարակից շրջաններում, ինչպիսիք են Ստեփանավանը, Տաշիրը, Ալավերդին, Սպիտակը, Ապարանը, Վարդենիսը, Սևանը, հացն ավելի թանկ է: Վանաձոր համայնքի ղեկավարն առաջարկեց համատեղ գտնել տարբերակներ, որպեսզի բնակչության սոցիալապես առավել խոցելի խմբերի ընտանեկան բյուջեների վրա հացի գնի տատանումները մեծ ազդեցություն չունենան: Հաց արտադրողներն առաջարկեցին հացի մատչելի տեսականու արտադրության ծավալի մեծացում, որը սոցիալապես անապահով խմբերի վրա չի անդրադառնա:
Մամիկոն Ասլանյանն առաջարկեց նաև ավագանու քննարկմանը ներկայացնել Վանաձորի տարածքում պոլիէթիլենի տոպրակների վաճառքի արգելման մասին օրինագիծ, ինչը 5-7 դրամով կազդի նաև հացի գնի վրա ( ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց, որի նպատակն է հնարավորինս կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը կենցաղում):
Քաղաքապետը մտավախություն հայտնեց, որ թանկանալու դեպքում գուցե բնակչության կողմից հացի գնման ծավալները պակասեն, իսկ դա կնպաստի հացի արտադրության ծավալների պակասելուն, ինչն էլ բացասաբար կանդրադառնա արտադրության վրա: «Հիմա սպասենք արդյունքներին, տեսնենք՝ ինչ կլինի: Ամեն դեպքում կարգավորման տարբերակներ կգտնենք, որպեսզի բնակչության սոցիալապես անապահով խմբերի վրա հացի թանկացումը չանդրադառնա»,-ասաց քաղաքապետը:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնել շուկայի դիտարկում և մի քանի օր անց կրկին հանդիպել:

You May Also Like