Հունվարի 23-ից սկսվում են Վանաձորի համայնքապետարանի բաժինների հաշվետվությունները


Հունվարի 22-ին Վանաձորի քաղաքապետի մոտ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մամիկոն Ասլանյանն ըստ ոլորտների ներկայացրեց անելիքները, տվեց հանձնարարականներ:
Փետրվարի 20-ին նախատեսված է այս տարվա ավագանու առաջին նիստը: Բոլոր բաժինների պետերին հիշեցվեց, որ մինչև փետրվարի 9-ը նախագծերի տեսքով ներկայացնեն իրենց առաջարկությունները: Հիմնվելով կառավարության՝ այս տարվա ընդունած որոշումների վրա՝ բյուջեն պետք է դարձնել ավելի ճկուն: Ֆինանսական բաժնի պետին հանձնարարվեց աշխատանքներ տանել այս ուղղությամբ: Կառավարությունը համաֆինանսավորման նոր կարգ է մշակել: «Եթե տնտեսական ծրագրերի մասով մենք ֆոնդային բյուջեում ներդրումների համար ֆինանսավորում նախատեսենք, ապա կառավարությունը տնտեսական մասով մեզ 60 տոկոսի օժանդակություն կարող է տալ, որոշ ուղղություններով այն կարող է հասնել նույնիսկ 100 տոկոսի: 2018թ.-ը բացառիկ տարի է լինելու, քանի որ պետական բյուջեից կարողանալու ենք մեր նախաձեռնությամբ օգտվել»,-ասաց քաղաքապետը: Առևտրի, տրանսպորտի և սպասարկման բլոկը համակարգող քաղաքապետի առաջին տեղակալը ուշադրության կենրոնում է պահելու իրազեկումների հարցը, որպեսզի տնտեսվարողները կյանքի կոչեն ավագանու որոշումը և մաքուր պահեն իրենց հարակից տարածքները: Հունվարի 23-ից սկսվում է քաղաքապետարանի բաժինների հաշվետվությունների շրջանը: ՀՈԱԿ-ները հաշվետվությունները պետք է ներկայացնեն եռօրյա ժամկետում: Կառավարությունից համայնքապետարանը ստացել է շրջաբերականներ, ուստի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը աշխատանքային պլան պետք է կազմի, ըստ որի Վանաձորի զարգացման ծրագրի մեջ ներառելու համար ուշադրություն պետք է հատկացնել քաղաքում առկա գլխավոր խնդիրներին: Դրանք են տնակներում գործող 4 մանկապարտեզները շենքային պայմաններով ապահովելու, մշակույթի պալատի վերանորոգման, ծանրամարտի դպրոցի վերանորոգման խնդիրները: Ճարտարապետութան և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանին հանձնարարվեց ներկայացնել մանկապարտեզների՝ տնակայինից շենքային պայմաններին անցնելու համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվները: Աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը վերահսկելու է քաղաքում իրականացվող աղբահանությունը: Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին կից աշխատանքային խումբ է ձևավորվելու, որը պարբերաբար շրջայցեր է իրականացնելու նախակրթարաններում:

You May Also Like

Leave a Reply