Այսօր՝ հունվարի 9-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանին: Այսօր ճանաչված գրողը տոնում է ծննդյան 70-ամյակը: Մամիկոն Ասլանյանը կարևորեց Ս. Խալաթյանի ավանդը նորագույն շրջանի հայ դրամատուրգիայում: «Լինելով ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից մեկը՝ Ձեր գործերում արտացոլվում է ժամանակակից կյանքը՝ իր վայրիվերումներով, մարդը և հատկապես հայ մարդը՝ իր հոգեկերտվածքով, խնդիրներով, հոգևոր և հանուն հայրենիքի մղվող պատերազմով, Ձեր ստեղծագործությունը ձոն է մարդասիրությանը և ճշմարտությանը: Այնտեղ արտացոլվում է մտավորականի մտահոգութունն ու ցավը հայրենիքի և հայրենի հողում ու նրա սահմաններից դուրս ապրող ու արարող հայի համար: Դուք գրական լավագույն ավանդույթների արժանի շարունակողն եք:»,-ասաց համայնքի ղեկավարը: Ապա հոբելյարին հանձնեց շնորհավորագիր՝ նրան մաղթելով քաջառողջություն, երկար տարիների երջանիկ կյանք և ստեղծագործական նոր ձեռքբերումներ: