Սեպտեմբերի 21-ի առավոտյան Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ավագանու անդամներ, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարներ, ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ներկայացուցիչները, Երրորդ բանակային զորամիավորման կազմը այցելեցին զիվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան Ազատամարտում զոհված վանաձորցի հերոսների շիրիմներին։ Աղոթք հնչեցվեց առ Աստված, տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ, ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին: Հաջորդ կանգառը անկախության կերտման ակունքում կանգնած հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ էր։ Ներկաները այստեղ ևս ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին՝ հիշելով անկախության կերտման ճանապարհին հայորդիների սխրանքները և հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումը՝ անկախությունը, ապա եղան Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու գերեզմանոցում հանգչող Արցախյան ազատամարտի հերոսներ՝ վանաձորցի առաջին զոհերի՝ Սոս Նալղռանյանի և Լիպարիտ Ղուլյանի շիրիմների մոտ, որտեղ ևս հարգանքի տուրք մատուցեցին, ապա կատարվեց հոգեհանգստի կարգ: