Այսօր՝ մայիսի 23-ին, «Հայակական Կամիր խաչի ընկերության» Լոռու մարզային մասնաճյուղի կողմից պարենային օգնություն տրամադրվեց վանաձորցի անժառանգ 1500 տարեցի և 75-ից բարձր տարեց շահառուների, ովքեր միայնակ են ապրում և տանից չեն կարողանում դուրս գալ: Սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրվեցին COVID-19-ի հանդեպ առավել խոցելի անձերին՝ այդ կերպ պաշտպանելով նրանց վարակից։
Բաշխման գործընթացն սկսվել է մեկ շաբաթ առաջ: Մոտ 500 շահառուի արդեն բաշխվել է օգնություն: Վանաձորի համայնքապետարանը տրամադրել է 2 տարածք, որոնցից մեկը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում է: Այստեղ վաղ առավոտից Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանի և ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Ղարաջյանի համակարգմամբ համայնքապետարանի աշխատակիցները Կարմիր խաչի 35 կամավորների հետ համատեղ օգնությունը հասցրեցին շահառուների տներ: Մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։
Ծրագրի դոնորներն են «Շվեյցարական Կարմիր խաչի ընկերությունը» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Ծրագիրը կյանքի է կոչվում ԱՄՆ դեսպանի վերահսկողությամբ: