Հոկտեմբերի 27-ի առավոտյան սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչները՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, զինվորականներ, Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի անդամները և տասնյակ վանաձորցիներ հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին: Ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին սպարապետի արձանի մոտ: Ներկաներից յուրաքանչյուրը խոնարհման լուռ պահին մտովի վերադարձավ անցյալ՝ աղոթք հղելով առ Աստված, որ այլևս հայը կորուստ չունենա:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը տեղի ունեցավ հերթական նստաշրջանի՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց: Հավերժ հիշատակ ընկածներին: