Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օրը:
Տոնի առթիվ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր մանկապարտեզների, հանրակրթական,երաժշտական և արվեստի դպրոցների թվով 58 մանկավարժների:
Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Արման Բերնեցյանը ներկաներին շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և ուսուցչի առաքելությունն անմնացորդ կատարելու համար:
«Ազգը չի կարող լիարժեք ազատ լինել, եթե կրթված չլինի: Բոլոր չարիքների աղբյուրը տգիտությունն է: Մեր ժողովրդի կյանքում մանկավարժությունը հազարամյակներ շարունակ մեծ դեր է կատարել: Մեծ է Ձեր դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում: Ուսուցիչը մասնագիտություն լինելուց բացի, առաջին հերթին կոչում է,առաքելություն, քանի որ սերունդ կամ մասնագետ կրթելուց զատ, առաջին հերթին դուք կրթում եք ապագա մայրեր և զինվորներ, իսկ նրանք մեր երկրի և հասարակության հիմքն են: Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում՝ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ»:
Մասնագիտական տոնի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի, աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման և ակնառու հաջողությունների համար մի շարք մանկավարժներ համայնքի ղեկավարի անունից պարգևատրվեցին շնորհավորագրով, պատվոգրերով և ծաղիկներով: