«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» մրցույթ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, զբոսաշրջության պետական կոմիտեի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ հայտարարում է «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» մրցույթ:

Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:  Մրցույթը նպատակաուղղված է Հայաստանում խթանելու զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումները և ծառայությունները, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողների համար:

Մրցույթի հանձնաժողովի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ, մասնավորապես հետևյալ ոլորտներում.

  • Հայաստանում տուրիզմի մասին իրազեկող տեխնոլոգիական լուծումներ
  • Տեղեկատվության որոնման բարելավում
  • Նորարար զբոսաշրջային գաղափարների մշակում:

Մրցույթի հիմնական նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը Վանաձորում և Լոռու մարզում, որտեղ տվյալ բնագավառը հայտարարված է որպես տնտեսության առաջնային ոլորտ: Կխրախուսվեն նաև գաղափարներ, որոնք կարող են զարգացնել գինու, ժառանգության և էկո-տուրիզմի ուղղությունները:

Մրցույթը կբացահայտի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների իրականացման գաղափարներ, որոնք գրավիչ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային զբոսաշրջային շուկայի համար՝ ապահովելով զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք և եկամուտ:

Կազմակերպիչները կընդունեն իրականացման հստակ պլանով գաղափարների հայտեր, որոնց բյուջեն չի գերազանցի 25.000.000 դրամը: Կազմակերպիչների կողմից սահմանված չափանիշների հիման վրա ամբողջ Հայաստանից կընտրվի 20 թիմ: Թիմի անդամների առավելագույն քանակը 4-ն է: Այսպիսով, մրցույթում ակնկալվում է ունենալ 80 մասնակից:

Թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների նախատիպերի վրա, որոնք կներկայացվեն հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովի կազմում հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետներ:

Մրցույթի հաղթողների համար սահմանված են 2.000.000 ՀՀ դրամ, 1.200.000 ՀՀ դրամ և 750.000 ՀՀ դրամ մրցանակներ: Նշված մրցանակները կտրամադրվեն առաջարկվող այդյունքի մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով. մարքեթինգային ծախսեր, թարգմանություն կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» մրցույթը կանցկացվի 2018թ. ապրիլի 7-ից 8-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Ալավերդու թիմերի Վանաձոր տեղափոխման համար և հետադարձ ուղղություններով կտրամադրվեն տրանսպորտային միջոցներ:

 

Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝

 

Գրանցման վերջնաժամկետն է 2018թ. մարտի 26-ը մինչև ժամը 18:00-ն:

 

Patvakan Hakhinyan

Business development manager

Vanadzor Technology Center

Phone:     +(374 93) 384 548

Address:  12 Shinararner str.  Vanadzor 2019, RA

Website:  www.eif.am

Email:      p.hakhinyan@eif.am

You May Also Like