Հայի՝ անկախ ապրելու դարավոր իղձը և անսասան ոգին 1918 թվականի այս օրը արյան գնով հայոց անկախությունը կերտեցին: Հային ազատ ու խաղաղ ապրելու այլ բանաձև տրված չէ: Ղարաքիլիսա-Բաշ-Ապարան-Սարդարապատ: Տոնական օրը 100 տարի անց Ղարաքիլիսա-Վանաձորը նշեց մեծ հանդիսավորությամբ: Նախ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի հանդիսապետությամբ հղվեց հայրապետական մաղթանք: Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ռազմական և հոգևոր այրեր, բազմաթիվ վանաձորցիներ: Եկեղեցու զանգերն ավետեցին տոնի սկիզբը, և ղարաքիլիսեցիների սերունդներն ուղևորվեցին Կոտրած եկեղեցու տարածք, որտեղ մեկ դար առաջ տեղի էր ունեցել Ղարաքիլիսայի ճակատամարտը: Պատմական այս վայրում նախ ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին հուշակոթողի մոտ, ապա տեղի ունեցավ քանդակագործ Սերգեյ Դանիելյանի հեղինակած խաչքարի բացումը, որը նվիրված էր հերոսամարտի 100-ամյակին:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդգծեց. «Մայիսը հաղթանակների ամիս է, և այն եզրափակում ենք մայիսյան հերոսամարտերով և Սարդարապատում տարած հաղթանակով, որում վճռորոշ դեր ունեցավ Ղարաքիլիսայի ճակատամարտը, որը 600 տարուց ավելի պետակաություն չունեցած ժողովրդի համար բացառիկ նշանակություն ունեցավ: Վստահ եմ, որ այլևս երբևէ հայոց պետականությունը չի սասանվի և դրա գինը չի լինի արյունն ու պատերազմը, այլ ստեղծագործ աշխատանքը»:
Գուգարաց թեմի առաջնորդի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ հերոսամարտի նահատակների: Տեղի ունեցավ զինվորական շարանցում, ինչին հաջորդեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված հատուկ նիստը: Սրբազան հայրն իր ելույթում ասաց. «Այսօր պատմական և հիշարժան օր է համայն հայության համար: Այս տոնը մեծագույնն է բոլոր տոներից, քանզի 100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության քաղաքացին՝ ժողովուրդը, մարտնչեց, իր սուրբ արյունը հեղեց հանուն պետականության: Պետականություն, որ չի կարելի շփոթել ոչ մի արժեքի հետ»:
Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանն իր խոսքում ասաց. «Առանց չափազանցնելու, Ղարաքիլիսայի հերոսամարտն այն վճռական մարտն է եղել, որ ստիպել է թուրքերին մեղմացնելու իրենց դիրքորոշումը և ճանաչելու Հայաստանի Հանրապետության անկախությունը: Թող օրհնյալ լինեն Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Ռուբեն Տեր-Մինասյանի արթուն և անհանգիստ հոգիները: Նրանց աչքը թող միշտ լինի մեր անկախ պետականության վրա: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:
Ելույթով հանդես եկավ նաև երրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հայկ Պետրոսյանը: Ելույթներին հաջորդեց հիշարժան և ազդեցիկ բեմականացումը, որը ներկայացնում էր Ղարաքիլիսայի ճակատամարտը, հայ ժողովրդի հավաքական ընդվզումը, Գարեգին Նժդեհի կոչը և հաղթանակը: Հուզիչ ներկայացման ավարտին հնչեցին հերոսամարտին նվիրված երգեր, ասմունք, հայը պարեց մարտական յարղուշտան ու քոչարին: Տոնական միջոցառման շարունակությունը Վանաձորի Տիկնիկային թատրոնի հարակից այգում էր: Այստեղ տեղի ունեցավ անվանակոչության հանդիսություն: Այգին անվանակոչվեց «Առաջին հանրապետության 100-ամյակի այգի»: Տեղի ունեցավ խորհրդանշական հուշատախտակի բացման արարողություն: