Կայացավ Վանաձորի ավագանու 2019 թվականի առաջին նիստը
2019 թվականի փետրվարի 15-ին կայացավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Մինչ նիստի օրակարգին անցնելը Մամիկոն Ասլանյանը Վանաձորում Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակների տոնական միջոցառումների շարքը հայտարարեց բացված՝ շնորհավորելով բոլորին հայ Մեծերի հոբելյանների առթիվ: Ավագանու անդամ Անահիտ Կարապետյանն առաջարկեց օրակարգից դուրս քննարկել ավտոկայանատեղիների հարցը՝ նշելով, որ խմբակցության անդամներն ուսումնասիրել են մի շարք պայմանագրեր և գտել որոշակի բացեր: Վերջինս առաջարկեց հանձնաժողով ձևավորել և հարցն ուսումնասիրել այդ տիրույթում: Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ քայլեր կձեռնարկվեն խնդրի լուծման նպատակով: Մամիկոն Ասլանյանը պարզաբանեց նաև այն հարցը, որ 2016 թվականի հոկտեմբերից ի վեր Վանաձորում վճարովի ավտոկանգառ կազմակերպելու համար որևէ մեկի հետ պայմանագիր չի կնքվել:
Ռուսաստանաբնակ գործարար Արամայիս Մեսրոպյանի ներկայացուցիչն էլ ավագանուն ներկայացրեց ներդրումային ծրագիր, որով նախատեսվում է համայնքից գնել Դիմաց թաղամասի լողավազանը՝ այն ժամանանակից պահանջներին համապատասխան վերակառուցելու և հանրությանը մարզական ծառայություններ մատուցելու նպատակով:
Մամիկոն Ասլանյանն առաջարկեց օրակարգից հանել 12-րդ հարցը և ուղարկել մշակման: Այն վերաբերում էր Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելուն: Ավագանին միաձայն ընդունեց որոշումը: Ապա քննարկման դրվեց օրակարգը, որում ընդգրկված էր 13 հարց: Այս նիստում ավագանին հաստատեց Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը, գույքահարկի գծով արտոնություն սահմանեց «Հայաստանի խուլերի միավորում» հասարարական կազմակերպության համար: Ավագանին 422284.9 (չորս հարյուր քսաներկու միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամի չափով փոփոխություն կատարեց Վանաձորի համայնքի 2019 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նպատակ ունենալով իրականացնել համայնքի փողոցների կապիտալ վերանորոգման, Արցախ պուրակի բարկարգման, «Հանրապետության» պուրակի վերականգնման, խաղահրապարկների կառուցման, բակերի բարեկարգման, քաղաքի վարչական սահմաներում տնակ-տաղավարների ապամոնտաժման և այլ համայնքային նշանակության աշխատանքների և ծրագրերի իրականացման նպատակով:
Օրակարգից դուրս , սահմանված կարգով, ավագանու անդամներին էր ներկայացված 2018 թվականի երկրորդ կիսամյակում Վանաձոր համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով իրականացված ծրագրերի մասին հաղորդում: Նշված ժամանակահատվածում շուրջ 8.7 մլն դրամ է հատկացվել Վանաձորի բնակիչներին բնակարանային վարձավճարների տրամադրման, սպորտի բնագավառի մարզիկներին և մարզիչներին տրամադրվող աջակցության, սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցության, վետերանների վանաձորի մասնաճյուղի խորհրդին աջակցության և ՀՀ պաշտպանության և մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների ջեռուցման ծախսերը մեղմելու նպատակով աջակցության նպատակով:
Ավագանին կայացրեց նաև օրակարգային այլ որոշումներ: Հաջորդ ավագանու նիստը տեղի կունենա մարտի 19-ին , ժամը 11.00-ին ավագանու նիստերի դահլիճում: