Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հրավիրել էր խորհրդակցություն, որի նպատակն էր որոշել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում համայնքապետարանի անելիքները, ձեռք առնել մի շարք միջոցառումներ, որոնք կբխեն վարակի հետագա տարածման կանխարգելման անհրաժեշտությունից:
Քանի որ համայնքապետարանի աշխատակիցներն իրականացնում են համայնքային ծառայություն, հանրության առաջ կրում են պարտավորություններ, համայնքի ղեկավարի հանձնարարականով նրանց գործունեությունը պետք է շարունակվի: Խոցելի խմբերն առանձնացվել են: Մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր բաժնի պետ իր վրա պարտավորություն է վերցնում իր բաժնի աշխատանքն ու կենսագործունեությունն ապահովելու համար: Որևէ գործառույթ չի կարող չիրականացվել: Քաղաքացիների սպասարկման գրասենյակում պահպանել կանխարգելիչ հեռավորություն, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: Ենթակա հիմնարկներում թեև դասապրոցես չկա, սակայն բոլոր հիմնարկների տնօրեններին խիստ հանձնարարական է տրվել, որպեսզի որևէ պարագայում հիմնարկությունը փակ չլինի:
Ձևավորվելու են արագ արձագանքման խմբեր, որոնք անհրաժեշտության դեպքում կիրականացնեն կամավորական գործունեություն: Արդեն իսկ ցանկություն հայտնել են ավագանու անդամներ և մի խումբ քաղաքացիներ: Կամավորական խմբի ձևավորման գործընթացը և նրա հետ աշխատանքը կհամակարգի աշխատակազմի կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը (հեռ.՝ 060 65 03 55): Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ մի քանի կազմակերպությունների հետ եկել են համաձայնության, որպեսզի ներգրավեն համայնքի աշխատանքային շտաբի ձևավորման աշխատանքներին: Քաղաքապետը հորդորեց հետևել միայն պաշտոնական հայտարարություններին, շրջապատում հնարավորինս մեղմել խուճապային տրամադրությունները: Առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետ Արման Մովսիսյանին հանձնարարեց շարունակել տրանսպորտի ախտահանման աշխատանքները: Քաղաքապետը հայտնեց նաև, որ մի խումբ խոշոր սեփականատերեր պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում քաղաքացիների մեկուսացման համար տրամադրել նաև տարածքներ: Մամիկոն Ասլանյանը հայտնեց նաև, որ Հայաստանի Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանից քաղաքը որոշակի օգնություն է ստացել: Ցանկը կհրապարակվի ստորև:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը ներկայացրեց մինչ այժմ կատարված կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքապետարանում և ենթակա կառույցներում: Նա հանդես եկավ նաև մի շարք առաջարկություններով, որոնք կկարգավորեն համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքը արտակարգ դրության պայմաններում: Առաջարկները հավանության արժանացան համայնքի ղեկավարի և խորհրդակցության մասնակիցների կողմից:
Ազգային բժշկական պալատի կողմից տրամադրված օգնության ցանկ
- Դեզիտաբս /ախտահանող, լվացող միջոց է, որը կիրառվում շինությունների ներսի, սարքավորումների, հատուկ համազգեստի, աղբատարների, կեղտոտ անկողնու և մակերեսների, տրանսպորտային միջոցների ախտահանման համար, վերացնում է առկա վիրուսների և բակտերիաներին – 10 տուփ( 2800 դեղահաբ, յուրաքանչյուրը 5-7 լիտր ջրի համար)
- Ձեռնոց, ոչ ստերիլ – 300 հատ
- Խալաթ վիրաբուժական մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենից – 30 հատ
- Դիմակ շուրջ – 300 հատ
5. Կոմբինիզոն պաշտպանիչ՝ PROSHIELD- 10 հատ