ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՔՆՆԱՐԿԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ

2018 թվականի հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձոր համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող «Վանաձոր համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմինի նիստը: Նիստը վարում էր մարմնի նախագահի տեղակալ , համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը: Քննարկվեց առաջիկայում հանրային քննարկման դրվող և , այնուհետ, սահմանված կարգով ավագանու հաստատմանը ներկայացվելիք 2019 թվականի համայնքի բյուջեի նախագիծը: Նիստին ներկա էին խորհրդակցական մարմնի 7 անդամներ և նիստը իրավազոր էր: Նախատեսվում է համայնքի 2019 թվականի բյուջեն եկամուտների մասով շուրջ 2 մլրդ 399 մլն դրամ, իսկ ծախսային մասով՝ 2 մլրդ 421 մլն դրամ: Ընդ որում, համայնքի բյուջեում սեփական եկամուտների աճը 2019 ին 2018 -ի համեմատ պլանավորված է 5.3 տոկոսով: Նիստը անցավ բուռն քննարկումների ոճով և եղան մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին բյուջեի եկամտային մասին: Առաջարկությունները միտում ունեին ավելի իրատեսական դարձնել բյուջեում ներկայացված կանխատեսումները: Նիստը վարող Արտյոմ Գրիգորյանն ամփոփեց առաջարկությունները և խորհրդակցական մարմնի անդամները միաձայն քվեարկեցին այն առաջարկությունների օգտին, որոնք ունեին վստահելի և ճշտված հիմնավորումներ: Առաջիկայում համայնքի 2019 թվականի բյուջեի նախագիծը կդրվի հանրային քննարկման:

You May Also Like