Խնամակալության և հոգաբարձության նիստին ներկա էր նաև ԱՍՀ նորանշանակ փոխնախարարը


Հուլիսի 27-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված համատեղ նիստը, որին ներկա էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Գոռ Բադյանը: Ներկա էին Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, հանձնաժողովի անդամներ, տարբեր համայնքների սոցիալական աշխատողներ: Փոխնախարարը, կարևորելով տարվող առելի աշխատանքը, իր խոսքում մասնավորապես ասաց. «Շնորհակալություն բոլորիդ՝ այս մեծ գործի համար: Բարի երթ: Թող հաջողությունները ստվերի նման ուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում»: Միրա Անտոնյանն էլ ընդգծեց. «Շնորհակալ եմ, որ մեր մասնագիտական աջակցությունը տեղին եք օգտագործում: Անչափ կարևորում եմ, որ Վանաձորի համայնքային ղեկավարությունը լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորել՝ արդյուանվետ աշխատանքի համար»:
Օրակարգում ընդգրկված էր 8 հարց: Դրանք վերաբերում էին անչափահաս երեխաների խնամատար ընտանիքներ ուղարկելուն, երիտասարդ եղբորը՝ անչափահաս եղբոր նկատմամբ խնամակալ սահմանելուն և նրան որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, սկզբնական հաշվառման վերցնելուն, տատիկին թոռների հետ տեսակցության կարգ սահմանելուն, անգործունակ թոշակառուի նկատմամբ խնամակալություն սահմանելուն: Հանձնաժողովը բոլոր հարցերին տվեց դրական եզրակացություն: Չորրորդ հարցը վերաբերում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրությանը: Երեխաների մայրը դատական հայց է ներկայացրել՝ հորը ծնողական իրավունքից զրկելու պահանջով: Հանձնաժողովի եզրակացությունը հետևյալն էր. հարցը առանց հոր ներկայության, հնարավոր չէ քննարկել:
Օրակարգի վերջին հարցով հանձնաժողովը անչափահասի նկատմամբ նշանակեց հասարակական դաստիարակ:

You May Also Like