Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Գոռ Բադյանը: Ներկա էին հանձնաժողովի անդամները, ոստիկանության Տարոնի և Բազումի բաժինների ներկայացուցիչներ, «Առավոտ» ԲՀԿ գործադիր տնօրենը, Վանաձորի համայնքապետարանի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ:
Օրակարգում 4 հարց էր, որոնք ըստ առաջնահերթության ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը: Դրանք հիմնականում վերաբերում էին պարտադիր ուսուցումից դուրս մնացած, նաև ոստիկանությունում հաշվառված անչափահասներին:
Օրակարգային հարցերի թվում հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացված թիվ 27 դպրոցի գրությունը անչափահաս պարտադիր ուսուցումից դուրս մնացած Դ. Ա.-ի մասին հարցը: Ըստ դպրոցի կողմից համայնքի ղեկավարին ուղղված դիմումի, երեխան ընտանեկան խնդիրների պատճառով դպրոց չի հաճախում և խնամում է հիվանդ մորը, ակնկալվում էր համայնքի ղեկավարի միջնորդությունը երեխային դպրոց վերադարձնելու համար: Նման խնդրով դիմել էր նաև Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրինությունը՝ անչափահաս Մ. Ա.-ին դպրոց վերադաձնելու նպատակով:
Օրակարգի հարցերից մեկն էլ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից հաշվառման մեջ գտնվող անչափահասների և անչափահասների վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ էր:
Հիմքում բաժնի դիմումն էր, որին կցված էր այդ ծնողների ցուցակը: Ցուցակում նշված և տարբեր պատճառներով ոստիկանության տեսադաշտում հայտնված անչափահասների և ծնողների հետ տարվող աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում էր Լոռու մարզպետարանի կամ Վանաձորի համայնքապետարանի առավել բանիմաց և հմուտ աշխատակիցներից նշանակել հասարակական դաստիարակներ և հանձնարարել հաշվառման մեջ գտնվող յուրաքանչյուր ծնողի ու անչափահասի հետ իրականացնել անհատական, կանխարգելիչ, բացատրական աշխատանքներ ու միաժամանակ համագործակցել ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողների հետ: