Մարտի 3-ին Թեժ լեռան հովտում մեկ տարի ընդմիջումից հետո տեղի ունեցավ «ՙԼոռվա ձմեռ 2019» 48-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Ձյան բացակայության պատճառով ամենամյա դարձած այս միջոցառումը նախորդ տարի չկայացավ: Այս տարի նախօրեին տեղացած առատ ձյունը անակնկալ մատուցեց։ Հայաստանի տարբեր անկյուններից գեղատեսիլ Լոռի այցելած ակտիվ հանգիստը սիրող հազարավոր մարդիկ վայելեցին օրը, դահուկ և սահնակ քշեցին, մասնակցեցին տարատեսակ մրցույթների։ Տոնահանդեսի ջահը վառելու պատիվը տրվեց սամբո և ձյուդո ըմշամարտիկ, 2018 թ. աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր, 2018թ. ՀՀ մարզական լավագույն տասնյակում ընդգրկված Արսեն Ղազարյանին։ Բացման խոսքով հանդես եկան Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Վանաձորի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզական հիմնարկների սաները ելույթ ունեցան դահուկավազք, լեռնադահուկ, վետերանների դահուկավազք, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, պարկերով էստաֆետա, կշռաքարերի հրում, ձնեմարդի պատրաստում, ձնագնդի նետում ճիշտ նշակետին, բազկամարտ, բարձունքի հաղթահարում, սահնակով վայրէջք, մինի ֆուտբոլ ձյան վրա, բարձակռիվ, շախմատ, բռնցքամարտ, ազգային կոխ, սուսերամարտ մրցաձևերում։ Հաղթողները պարգևատրվեցին համայնքապետարանի պատվոգրերով և մրցանակներով: Խաղարկվեցին նաև հատուկ մրցանակներ: Մարզատոնահանդեսին մասնակցեցին նաև գեղարվեստական համույթներ, անհատ կատարողներ, պարային համույթներ։ Օրվան յուրատեսակ գեղեցկություն հաղորդեց լարախաղացը:
Լոռեցիները վստահ են, որ «Լոռվա ձմեռ»-ը կարող է դառնալ զբոսաշրջության զարգացման լավագույն խթանը։ Ի դեպ, ավանդական մարզատոնահանդեսն այս տարի համընկավ Բուն Բարեկենդանի տոնի հետ։ Այն Մեծ պահքի առաջին կիրակին է և արարչության առաջին օրվա խորհուրդն ունի։